Ովքեր են 5, 10 տարի առաջ դարձել դատավորներ՝ փեսաներ, հարսներ, աղջիկներ, ամուսիններ. Անդրեասյան

«Ուզում եմ հատուկ մեր բոլոր քաղաքացիներին վստահեցնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը նաև այս դեպքում երբևէ կասկածյալի կամ մեղադրյալի չէր կարող նշանակել այդ պաշտոնում»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի եղբայրը՝ Դավիթ Սարգսյանը, ամիսներ առաջ նշանակվել է Արարատի մարզի դատավոր, անձ, որը քրեական հետապնդման է ենթարկվել, այժմ այդ անձնավորությունը արդարադատություն է իրականացնում:

«Բոլոր իրավական գործընթացները պատշաճ պահվել են, այդ մեղադրանքը, որի մասին խոսում եք, ավտովթարի հետ է կապված, այդ գործընթացն ավարտված է եղել, և դա համար խորհուրդը նպատակահարմար է գտել նախ քննարկել իր թեկնածությունը, հետո նիստի ժամանակ հարցեր են տրվել թեկնածուին, թեկնածուն անցել է մի քանի փուլ, և հիմա ինքը դատավոր է նշանակված Սահմանադրության բոլոր տառերին համապատասխան»,- պարզաբանեց Անդրեասյանը և հակադարձելով լրագրողին՝ նկատեց՝ ԲԴԽ-ն սրտի թեկնածուներ չունի. «Եթե մենք ուսումնասիրենք, օրինակ, 5, 10, 20 տարի առաջ փեսաներ հարսներ, աղջիկներ, ամուսիններ, կանայք, ովքե՞ր են միշտ դարձել դատավորներ, կտեսնեք, թե համեմատության մեջ ինչքան անկախ մարդիկ են ուղղակի եկել դարձել դատավոր»:

ԲԴԽ նախագահի խոսքով՝ բոլոր այն դատավորները, որոնք գործում են այսօր համակարգում, քանի չեն ենթարկվել պատասխանատվության կամ չեն հեռացվել, ուրեմն պետք է ընդունվեն որպես ՀՀ անունից արդարացի վճիռներ անողներ:

Կիսվել սոց․ ցանցերում