Չինաստանի բնակչուհին կեղծ անձնագիր է գնել՝ փորձելով թաքցնել իր տարիքը իրենից 17 տարով փոքր ընկերոջից և տուգանք է ստացել: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
41-ամյա կնոջը բռնել են Պեկինի օդանավակայանում, որտեղից նա 24-ամյա զուգընկերոջ հետ պետք է թռչեր Ճապոնիա։ Ներգաղթի ծառայության աշխատակիցը նկատել է, որ չինուհու անձնագրային տվյալները տարօրինակ տեսք ունեն և որոշել է ևս մեկ անգամ ստուգել դրանք: Կինը սկսել է նյարդայնանալ և փորձել է փաստաթուղթը խլել օդանավակայանի աշխատակցի ձեռքից։ Նա նաև խնդրել է ընկերոջը անցնել անձնագրային հսկողությունը և չսպասել իրեն՝ վախենալով, որ նա կբացահայտի իր խաբեությունը:
Շուտով պարզվել է, որ կինն ունի երկու չինական անձնագիր՝ տարբեր ծննդյան ամսաթվերով։ Հետաքննությունը պարզել է, որ փաստաթղթերից մեկը կեղծ է եղել։ Չինուհին խոստովանել է, որ կեղծել է ծննդյան ամսաթիվը՝ երիտասարդ սիրեկանի հետ հարաբերությունները պահպանելու համար։ Նա վախենում էր, որ տղամարդը կթողնի իրեն, եթե իմանա իր իրական տարիքը: Այդ ժամանակ կինը 6,5 հազար յուանով կեղծ անձնագիր է գնել, որի համաձայն՝ նա ընդամենը 27 տարեկան է եղել։ Չինուհուն տուգանել են երեք հազար յուանով։ Կեղծ փաստաթուղթն առգրավվել է։
