«Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ անհիմն են ԼՂ նախկին իշխանության ներկայացուցիչների այն պնդումները, թե Հայաստանի կառավարությունը խոչընդոտում է, որ իրենք բանակցեն Ադրբեջանի հետ: Սուքիասյանը, սակայն, ասում է՝ լավ կլինի, որ նրանք վերադառնան Ստեփանակերտ և այնտեղ բանակցեն:
Վերջինս նման տեսակետ է հայտնում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ԼՂ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի՝ Factor.am-ին տված հարցազրույցին, որում, ի թիվս այլնի, վերջինս ասել է, թե ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս ԼՂ իշխանությանը բանակցել Ադրբեջանի հետ:
Ըստ Սուքիասյանի՝ կարևոր է արձանագրել մեկ բան. այժմ Հայաստանի կառավարությունը ելք է որոնում՝ Հայաստանի պետականությունը պահելու համար, որի առողջությունից է կախված նաև ԼՂ առողջությունը:
«Արցախի իշխանությունները այնտեղ էին գտնվում հազար ու մի խոստումներով, այն իշխանությունները, որոնց անձամբ ես եմ 40 անգամ ասել, որ եթե իշխանություն փոխեցին, Արցախը չի լինելու: Արել են, դրա հետևանքով թողել փախել են Հայաստան, հիմա եկել են ՀՀ-ից ինչ-որ բան են պահանջում, այն դեպքում, երբ մենք էլ խնդիրներ ունենք: Հայտարարվել ենք սահմաններ չունեցող երկիր՝ դելիմիտացված չենք, մեզ էլ են «արցախացրել», մեր շուրջ էլ է կոնֆլիկտ ստեղծվել: 30 տարի կերան Արցախը, նախագահներով գնացին հանձնվեցին Բաքվին, մի նախագահ ընտրեցին, էդ նախագահն էլ Արցախը լուծարեց, փախավ Հայաստան, հիմա ասում են՝ քիչ է, Հայաստանն էլ պիտի վարի տանք»,- նկատում է զրուցակիցը:
Սուքիասյանը հիշեցնում է, որ ժամանակին ԼՂ իշխանություններին Բաքվի հետ ուղիղ բանակցելու առաջարկ եղել է, Հայաստանը ևս պահանջել է, որ նստեն ուղիղ խոսեն, ինչը չի արվել, քանի որ Ռուսաստանը թույլ չի տվել:
Կուսակցության փոխնախագահը նաև ընդգծում է՝ լավ կլինի, որ ԼՂ նախկին իշխանության ներկայացուցիչները մեկ անգամ իրենց մեջ փնտրեն սխալները:
«Արցախը վարի են տվել, հետևապես թող Բեգլարյանը սրա մասին խոսի: Մի անգամ լսել եք ասեն՝ գիտեք՝ ինչ կա՝ Շահրամանյանի ընտրությունը սխալ էր: Իրենց նպատակը արցախահայության պրոբլեմը չէ, ՌԴ հրամանը կատարելն է, ՀՀ-ին նոր կոնֆլիկտի մեջ քաշելը: Էդ տղային (- խմբ. նկատի ունի Արտակ Բեգլարյանին) առաջարկ ունեմ. Արցախի ներկայացուցչությունում, որը գտնվում է Երևանում, գնա, դրա դիմաց նստացույց անի, իր նախագահից պահանջի, ասի՝ արի տեսնեմ՝ ի՞նչ ես ստորագրել, ինչո՞ւ նախագահ դարձար դու»,- ասում է նա:
Վերջինիս նշում է, որ անգամ Ալիևն է զարմացել, թե ինչպես էր հնարավոր այսպես հայրենիք հանձնել. «Բոլորը զարմացած են, որ կարելի է այդ ձև «յուղած» հայրենիք հանձնել, մեկ օրվա մեջ դուրս գալ: Իրենք ռուսական գործակալներ են. ՌԴ-ն մի մասին ժամանակին օգտագործեց, ուղարկեց ադրբեջանական բանտեր, որպեսզի իր ոճիրը ծածկի, մի մասին էլ ուղարկել է Հայաստան, որ Հայաստանի կյանքը ցնցեն»:
Սուքիասյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ԼՂ վտարանդի իշխանություն չի կարող գոյություն ունենալ, պետք է այդ ինստիտուտը լուծարվի. «Արցախի նախագահը ՀՀ-ում Արցախի նախագա՞հ է աշխատում, բա որտե՞ղ է Արցախը, իրենց պետք է ասել, որ սա ձեր բանակցածն է: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ իշխանություններին հիշեցնել՝ երկիշխանությունը պետության գոյության համար վտանգ է, այդ դեպքում կողմերից մեկը ոչնչացվելու է»:
Հերմինե Կարապետյան
