Բրիտանիայում պաշտոնյաներին արգելել են Չինաստանն ու Ռուսшստшնը «թշնшմшկшն պետություն» անվանել. Times

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը կառավարության պաշտոնյաներին արգելել է կիրառել «թշնամական պետություն» արտահայտությունը` մտավախություն ունենալով, որ «կնեղացնեն Չինաստանին»։ Այդ տերմինով իշխանություններն այլևս չպետք է կոչեն նաև ՌԴ–ն, ԿԺԴՀ–ն և Իրանը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը` հղում անելով իր աղբյուրներին։

 

«Փաստացի արգելել են կիրառել այս արտահայտությունը կառավարական փաստաթղթերում, էլեկտրոնային փոստով ու WhatsApp–ով պետական ծառայողների, նախարարների և խորհրդականների միջև ներքին հաղորդագրությունների փոխանակման ժամանակ», – ասվում է նյութում։

 

Ինչպես ընդգծում է թերթը, այս քայլը Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները բարելավելուն ուղղված ջանքերի մի մասն է, միևնույն ժամանակ այն տարածվում է նաև այլ պետությունների վրա։ Մասնավորապես, թերթի տվյալներով, այս միջոցառումը ենթադրում է, որ կառավարությունն այլևս «թշնամական պետություն» չի անվանելու նաև Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը։

 

Բացի այդ, թերթի տեղեկություններով, պաշտոնյաները խմբագրել են նախորդ կառավարությունների օրոք հրապարակված փաստաթղթերը և «թշնամական պետություններ» արտահայտությունը փոխարինել «թշնամական դերակատարներ» արտահայտությամբ, իսկ «թշնամական պետական գործունեություն» արտահայտությունը` «պետական սպառնալիքներով»։

 

Պարբերականի տվյալներով` նորամուծությունը քննադատության է արժանացել պաշտոնյաների կողմից, նրանցից մեկն այն անվանել է «արտասովոր» միջոց և ասել, որ կառավարությունում դա տարակուսանք է առաջացրել։

Կիսվել սոց․ ցանցերում