Դիլիջանում շահագործման հանձնվեց Green Rock-ի կողմից վերակառուցված մարզահամալիրը (լուսանկարներ)

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին Դիլիջանում կայացավ հիմնանորոգված մարզահամալիրի բացումը, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, մարզաշխարհի հանրահայտ ներկայացուցիչներ, մասնավորապես, ըմբշամարտիկ, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Ամիսներ շարունակ մարզահամալիրում իրականացվում էին նորոգման աշխատանքներ։ Ըստ ծրագրվածի, հենց 2024 թվականի սկզբից երեխաները պետք է սկսեն մարզվել նոր և կահավորված մարզահամալիրում։

Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թվականին։ Ծրագիրն իրականացվել է Դիլիջանի համայնքապետարանի և GreenRock Management Group միջազգային կառուցապատող ընկերության համագործակցությամբ։ Փոխվել է շենքի արտաքին և ներքին դիզայնը։ Ձեռք են բերվել նոր մարզական գույք և սարքավորումներ։

Պատասխանատուների ներկայացմամբ, դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, սեղանի թենիսի, շախմատի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։ Այժմ դպրոցում կարող է մարզվել ավելի քան 500 մարդ։

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նշեց, որ, ըստ էության աննախադեպ իրադարձություն է, այլ քաղաքներում նման մասշտաբներով և սարքավորումներով մարզադպրոցներ չեն շահագործվում:

«Ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք լսելու ենք դիլիջանցի մարզիկների գրանցած հաջողությունների մասին։ Մեր մարզիկները տարբեր մարզաձևերում կկարողանան բարձունքներ գրավել և մասնակցել տարաբնույթ հեղինակավոր մրցաշարերի։ Չեմ կարող չնշել, որ մեր գործընկերները՝ Green Rock Management Group-ն իրականացրել է բացառիկ աշխատանք, որ մենք կարողանանք շահագործման հանձնել ժամանակակից և բարենպաստ պայմաններով մարզահամալիր։ Մենք հանդիսանում ենք լավ օրինակ, թե ինչպես կարող են պետական և մասնավոր ոլորտները համագործակցել և ստանալ նման արդյունք»,-նշեց Դավիթ Սարգսյանը։

Green Rock Management Group-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը նշեց, որ թիմն ամիսներ շարունակ ջանք չի խնայել, որ համայնքի երեխաները կարողանան լիարժեք մարզվել․

«Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներից չվերանորոգված մարզադպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է և ապահովվել բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Այսուհետև մարզադպրոցում լինելու են տարբեր մարզաձևեր, մասնավորապես՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, բազկամարտ, թենիս, շախմատ և գեղարվեստական մարմնամարզություն: Առավել քան կարևոր է, որ այսուհետև իգական սեռի ներկայացուցիչները ևս կկարողանան զբաղվել սպորտով, քանի որ նախկինում այդ հնարավորությունն ընձեռված չէր»,– մանրամասնեց Մարետա Գևորկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով մարզահամալիրի բացման առիթով, նշեց, որ ընդամենը երկու օր առաջ կառավարության նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030թթ. ռազմավարությունը»․

«Այդ ռազմավարությունը, մեծ հաշվով սրա մասին է, որ մենք Հայաստանում սպորտային ենթակառուցվածքը պետք է զարգացնենք, բայց շատ կարևոր է, որ այս ճանապարհին կառավարությունը միայնակ չլինի: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել GreenRock ընկերությանը՝ նման նախաձեռնության համար»,-ասաց Փաշինյանը։

 

Ամբողջական նյութը՝

https://www.tert.am/am/news/2023/12/10/greenrock/4046179?fbclid=IwAR3u6LkHi36gYtkqhtdumTzRYms6vwyuGdxfzMgN7IjjOiDT9Ga_lGL8eNs

Կիսվել սոց․ ցանցերում