Խաղատուն կանանց համար․ 3 միլիարդ դրամի առևտուր՝ կես տարում

Wildberries ընկերությունը՝ Հայաստանի 28-րդ խոշոր հարկատուն, շուկայական կանոններ ու սպառողական վարքագիծ է փոխում, մարքեթինգային նոր ուղղություններ ձևավորում։ Հայաստանում արդեն շատերը խոստովանում են՝ այս հարթակը կախվածություն է առաջացնում։ Ըստ ընկերության մամուլի ծառայության՝ 2023-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից 50 տոկոսով ավելի ապրանք է պատվիրվել։ Հայաստանցիները 6 ամսում Վայլբերիզում գրեթե 2 միլիարդ 825 միլիոն դրամի առևտուր են արել։

Գաղտնի հարաբերություններ․ ինչպե՞ս «մոտ ընկեր»-ը դարձավ կախվածություն

Անի Խաչատրյանը զրույցի սկզբում նրան «մոտ ընկեր» է կոչում, վերջում՝ վնասակար սովորություն՝ «խաղատուն»։ 1 տարի առաջ սկսված հարաբերություններն աճել են՝ հատելով կախվածության շեմը, դառնալով անկառավարելի։ Այժմ շփվում են ամուսնուց գաղտնի, միայն գիշերները։ Մինչ դուք ընտանեկան դրամա եք պատկերացնում, նշենք՝ խոսքը կնոջ և Wildberries օնլայն խանութի հարաբերությունների մասին է։ Ըստ էության՝ ոչ պակաս դրամատիկ․

«Ունեմ 3 անչափահաս երեխա, ու իմ առօրյան շատ ծանրաբեռնված է լինում, օրվա ընթացքում համարյա չեմ հասցնում օգտվել հեռախոսից և գիշերն արդեն, երբ պառկում եմ քնելու, կախվածության նման մինչև ժամը 3, 4, 5-ը չեմ կարողանում կտրվել Wildberries-ից, անընդհատ նայում եմ։ Քնել-հանգստանալու փոխարեն մտնում եմ Wildberries, ամուսինս միշտ ջղայնանում է դրա համար»։

Պատվիրում է շաբաթական 2-3 անգամ՝ միանգամից մի քանի ապրանք։ Կարևոր չէ՝ այդ պահին անհրաժեշտ, թե ոչ։ Հետո գալիս է անհամբեր սպասման փուլը՝ ապրանքն արտասահմանյան պահեստից պիտի Հայաստան հասնի։ Հետո մեկնարկում է լարման երկրորդ էտապը, երբ ինքը պետք է ժամանակ գտնի արդեն Հայաստանում գտնվող ապրանքը վերցնելու համար։

«Ես Wildberries-ի անունը դրել եմ կանանց համար կազինո, նույն բանն է։ Wildberries–ի դեմ պայքարել չի ստացվում, որովհետև, ի տարբերություն կազինոների, Wildberries-ից օգուտ կա․ քո վճարածի դիմաց ստանում ես։ Շատ դեպքերում իմ առևտուրն այնպես եմ անում, որ ամուսինս չիմանա, որովհետև ջղայնանում է, քույրիկիս եմ խնդրում, ինքն է պատվիրում, վերցնում»,- պատմում է Անի Խաչատրյանը։

Wildberries-ը փոխում է խաղի կանոնները

Ըստ Wildberries ընկերության մամուլի ծառայության՝ 2023-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից 50 տոկոսով ավելի ապրանք է պատվիրվել։ Հայաստանցիները 6 ամսում Վայլբերիզում գրեթե 2 միլիարդ 825 միլիոն դրամի առևտուր են արել։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Wildberries-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում 28-րդն է։

«Ռադիոլուր»-ը տնտեսագետ Նարեկ Կարապետյանի հետ փորձել է «կշռել» Wildberries-ի ներգրավվածությունը հայկական տնտեսության մեջ․

«Առաջին կիսամյակում մեր տնտեսություն մոտ 2.2 տրիլիոն դրամի առևտուր է իրականացվել, դրա մեծ մասն, իհարկե, մեծածախ առևտուր է, մոտ 1/3-ը՝ մանրածախ, այսինքն՝մոտ 700 միլիարդ դրամը։ Ըստ տվյալների՝ Wildberries-ը մոտ 2.8 միլիարդ դրամի առևտուր է իրականացրել առաջին կիսամյակի ընթացքում, սա նշանակում է, որ սպասարկել է մեր տնտեսությունում եղած մանրածախ առևտրի 0.4 տոկոսը։ Պետք է ասել, որ էական է, որովհետև այս կոմպոնենտը գոյություն չուներ, հետո աստիճանաբար սկսեց թափ հավաքել ու հիմա արդեն էական դեր ունի մեր առևտրի մեջ։ Ու այդ դերն աճող է»։

Կարճաժամկետ մոտեցման դեպքում կարելի է խնդիրներ նկատել, օրինակ՝ սա լուրջ հարված է այն տնտեսվարողներին, որոնց հաճախորդներն արդեն նախապատվությունը տալիս են օնլայն խանութին։ Սակայն, Նարեկ Կարապետյանի խոսքով, ավելի լուրջ վերլուծությամբ պարզ է դառնում՝ սա հայկական շուկայի համար ապաքինող նշանակություն ունի․

«Սպառողի տեսանկյունից բնականաբար հնարավորություն է տալիս ավելի էժան ապրանք ձեռք բերել, իսկ եթե երկարաժամկետ նայենք՝ տնտեսության մեջ բարձրացնում է մրցակցայնության աստիճանը, իջեցնում է առևտրային հավելադիրները և գները ու, ընդհանուր առմամբ, լրացուցիչ իմպուլս է հաղորդում շուկայում մրցակցությանը։ Սրա ազդեցությունը, բնականաբար, դրական է։  Տնտեսությունը նաև դինամիկ փոփոխվող երևույթ է, ու երբ մի ոլորտ նվազում է, մենք դրանից չպետք է խուճապի մատնվենք ու ասենք, որ աշխատատեղեր կորսվեցին և այլն։ Այդ մարդկային կապիտալը կա, կարող է արժեք ստեղծել այլ ոլորտներում։ Ի վերջո՝ հնարավոր է ավելի բարձր արտադրական ոլորտներ մտնի, քան ընդամենը առևտուրն է»,- ասում է Նարեկ Կարապետյանը։

«Wildberries-ի մասնագետ չունենք»․ ընկերության ու կառավարության հարաբերությունները թափանցիկ չեն

2021 թվականի դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Wildberries ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին: Տարածված մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «հաջորդ տարի (լր․-2022-ին) Wildberries ընկերությունը նախատեսում է լայնածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ կառուցել նոր լոգիստիկ, տարածաշրջանային կենտրոն»:

«Ռադիոլուր»-ը փորձեց պարզել՝ ինչ փուլում են բանակցությունները, և երբ է ակնկալվում Հայաստանում բացել դեռ 2021-ին նշված լոգիստիկ կենտրոնը։ Էկոնոմիկայի նախարարությունից մեր բանավոր հարցմանն ի պատասխան նշեցին՝ «Wildberries-ի մասնագետ չունեն», նախարարությունը ներդրումային ծրագրի մասին ինֆորմացիայի չի տիրապետում։

Մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 7-ին, Տատյանա Բակալչուկի հետ հանդիպում ունեցավ նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նույն հարցրերն ուղղեցինք նաև փոխվարչապետի աշխատակազմին։ Ի՞նչ հարցերի շուրջ են ընթանում բանակցությունները, կա՞ն արդյոք Հայաստանում լոգիստիկ կենտրոն բացելուն խանգարող հանգամանքներ, և ի՞նչ ակնկալիքներ ունի կառավարությունն այս ծրագրից։ Մհեր Գրիգորյանի աշխատակազմը պատասխան գրությամբ հայտնեց՝ այս հարցերի պատասխանները կարող ենք ստանալ էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններից։

ԲՏԱ նախարարությունը «Ռադիոլուր»-ին հորդորեց հարցերի պատասխանները ստանալ Wildberries ընկերությունից։

Էկոնոմիկայի նախարարություն ուղարկված նույն, այս անգամ՝ գրավոր հարցմանն ի պատասխան իմացանք միայն՝ «2021 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունում, «ՀայՓոստ»-ի և ռուսաստանյան առցանց առևտրի խոշորագույն հարթակ Wildberries-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր»։

Տատյանա Բակալչուկի և Մհեր Գրիգորյանի հանդիպումից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ ռուսական ընկերությունը լոգիստիկ կենտրոն կառուցելու համար ՀՀ կառավարությունից «6-7 հեկտար ձրի հող է ուզում, որը 6-7 մլն դոլար արժե»: Փոխվարչապետի աշխատակազմը միայն փոխանցեց, որ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ի՞նչ պայմաններ են քննարկվում ծրագիրն իրականացնելու համար» հարցը նույնպես մնաց անպատասխան։

110 անգամ ավելի մեծ շուկա․ մարտահրավերը՝ հնարավորություն

Տնտեսվարողների համար մարտահրավեր, պետական քաղաքականության տեսանկյունից առեղծված դարձած այս երևույթում մարքեթոլոգ Տարոն Պապիկյանը հնարավորություն է տեսնում։ Ասում է՝ անզեն աչքով տեսանելի է աննախադեպ մեծ շուկաներ հասնելու հնարավորությունը,

«Wildberries-ում 2023-ի հուլիսի կեսի դրությամբ, ըստ պաշտոնական մամլո հաղորդագրության, Հայաստանից գրանցված է մոտ 450 000 գնորդ։ Նրանց շուրջ 80 տոկոսը մեծ ակտիվություն է ցուցաբերում, ամեն ամիս որոշակի գնումներ է անում։ Այսինքն՝ կարելի է ասել, որ 400 000-ին մոտ ակտիվ գնորդներ ունի Հայաստանից»։

Մարքեթոլոգը հաշվարկում է՝ նոր սերունդն ավելի թվային է ու մի քանի տարի անց, երբ նաև գնողունակ դառնա, առևտուրն անելու է հենց այս հարթակից։ Սրան գումարում ենք մյուս 6 երկրները, որոնցում արդեն ներկայացված է խանութը,  նաև նրանք, որոնցում առաջիկայում ներկայացվելու է և բախվում սպառողների հսկայական շուլայի։

«Վաճառողը, արտադրողը կամ վերավաճառողը հնարավորություն ունեն չսահմանափակվել միայն հայաստանյան 3-4 միլիոնանոց շուկայով, առավելագույն թիվն եմ ասում, այլ՝ գործել 100-110 անգամ ավելի մեծ շուկաներում, և, բնականաբար, սա ուղիղ ազդեցություն կունենա այդ գործարարի շրջանառության, բիզնեսի աճի վրա»։

Այս թեմայով արդեն դասընթացներ են իրականացվում, մարդիկ կարող են սովորել՝ ինչպես գրանցվել Wildberries-ում, ներկայացնել ապրանքները, առաջ մղել դրանք, ապահովել վաճառքներ և այլն։ Տարոն Պապիկյանն ասում է՝ մեծ պահանջարկ ունի նաև Wildberries մենեջերի կրթությունը։

 

Կիսվել սոց․ ցանցերում