3 տարի անց տուն վերադարձած հայ ռшզմшգերիների գեր եվшրումը ՌԴ խшղшղապահների խղճին է, Ռпւսшստանի կողմից Խծшբերդը և Հին թաղերը Նոյեմբերի 9-ի հայտարարության խախտմամբ Ադր բեջшնին նվիրելու հետևանքը

Ադրբեջանում շուրջ երեք տարի գերության մեջ գտնված և արդեն հայրենիք վերադարձող հայազգի գերիների ցանկը հայտնի է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից  հրապարակված ցանկից դատելով՝ տուն վերադարձող գերիներից 26-ը Շիրակի մարզի տարբեր համայնքներից են, որոնք գերեվարվել էին 2020 թվականին, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ անց։

Հիշեցնենք, որ գերիների և պահվող անձանց վերադարձի հարցը ներառված է խնդրո առարկա հայտարարության 8-րդ կետում, որում մասնավորապես նշված է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»: Այդ հայտարարության երաշխավոր  ՌԴ-ն, նկատենք, ոչ միայն հետամուտ չէր իր պատասխանատվության գոտուն վերաբերող, մասնավորապես  Լաչինի միջանցքի անխոչընդտ երթևեկն ապահովելու հարցում, այլև գերիների և պահվող անձանց վերադարձի հոգսը օր առաջ հոգալու։ Հատկապես, որ ռազմագերիների մեծ մասը գերեվարվել էր իրեն վերապահված պատասխանատվության գոտում, այսինքն՝ նրանց գերեվարման հարցում գլխավոր մեղավորը հենց ՌԴ-ն էր։  Հընթացս հիշեցնենք, որ  նախորդ տարի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կեղծ բնապահպանները շրջափակեցին Լաչինի միջանցքը, որը շուրջ 10 ամիս Բաքվի ռեժիմը փակ պահեց, իսկ ռուսական կողմը հայկական կողմերին կերակրում էր «ամենաբարձր մակարդակով ամեն ինչ արվում է միջանցքը մոտ ժամանակներս բացելու ուղղությամբ» կեղծ մխիթարանքով։

Նկատենք, որ խաղաղապահ զորակազմի առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովը դեռ 2021-ին հայտարարել էր, թե «բոլոր ռազմագերիների վերադարձը ես համարում եմ խաղաղապահների քաղաքացիական պարտքը»։ Նա միաժամանակ շեշտել էր, որ «մինչ օրս ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված աշխատանքները շարունակվում են, այս հարցում կա դրական ըմբռնում։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի։ Ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն այս գործընթացը»։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինն էլ 2021-ին հայտարարել էր, որ «գերիների վերադարձի հարցը ռուսական կողմի համար առաջնահերթություններից մեկն է: Այդ ուղղությամբ համառ ու հետևողական աշխատանք է ընթանում»։  Գերիների ազատ արձակումը, նկատենք, տեղի ունեցավ  ՀՀ-Ադրբեջան երկկողմ պայմանավորվածությամբ, սակայն ոչ թե ի կատարումն նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջի, այլ Ադրբեջանի կողմից ցուցաբերված «բարի կամքի դրսևորման» համատեքստում։

Ընդդիմությունը շահարկում էր գերիների հարցը, իշխանությունը՝ լուռ աշխատում այդ ուղղությամբ   

Արցախի պաշտպանության բանակը, հիշեցնենք, դեկտեմբերի 16-ին հայտնել էր, որ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել է 73 հայ զինծառայող, որոնք հայտնվել էին ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից շրջափակման մեջ։ 62 շիրակցի զինծառայող գերեվարվել էր  դեկտեմբերի 13-ին, մնացածին հնարավոր էր եղել շրջափակումից ազատել։  Ծանր հանցագործությունների Բաքի դատարանը, հիշեցնենք, 2021 թվականի հուլիսի 1-ին ընթերցեց հայ 13 գերիների մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ նրանք մեղադրվում էին «նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ»։ Ըստ մեղադրանքի՝ նրանք իբրև թե պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։ Դատարանը, հիշեցնենք, նրանց դատապարտեց 6-13 տարվա ազատազրկման։

Հարկ է նկատել, որ գերիների վերադարձի հարցը մշտապես շահարկվել է ՀՀ ընդդիմության կողմից՝ քաղաքական նպատակներով։ Վերջին շահարկումը, նկատենք, տեղի ունեցավ օրերս, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Նիկոլ Փաշինյանին նախատեց  Արցախին մենակ թողնելու և մասնավորապես գերիներին ազատ արձակելու հարցում ձախողելու մեջ։ Վարչապետն էլ  ի պատասխան ասաց՝ «գերիների վերադարձի ուղղությամբ արվում է ամենօրյա աշխատանք, ամենօրյա»։

Ուշագրավ է,  որ 2022 թ. հուլիսի 27-ին ԶԼՄ-ների հարցերին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ արծարծել էր գերիների թեման և մասնավորապես նշել, որ 2020թ. դեկտեմբերի 13-ին Հադրութի շրջանի Հին թաղեր, Խծաբերդ գյուղերից գերեվարված շիրակցի 62 պահեստազորայիններից 30-ն արդեն վերադարձվել է հայրենիք, ինչից հետո  կանգ առավ գերիների փոխանակման գործընթացը:

«Խծաբերդի գերիների հարազատներն ինձ հետ տասնյակ անձնական հանդիպումների ժամանակ բարձրացրել են այդ հարցը՝ ասելով, թե ինչու են զինվորները հայտնվել այնտեղ, եթե այդ տարածքները հանձնված էին: Ես բազմիցս պարզաբանել եմ, որ այդ տարածքները հանձնված չեն եղել, և այդ տարածքները դե յուրե պիտի լինեին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և նրանց վերահսկողության ներքո, և եռակողմ հայտարարության հիման վրա զինված ուժերը մնացել են այն դիրքերում, որոնցում պետք է լինեին»։

Անդրադառնալով շիրակցիների գերեվարման հանգամանքներին՝ Փաշինյանը նշեց՝ այս փաստով կա հարուցված քրեական գործ, և հրամանատարին մեղադրանք է ներկայացված. «Ուզում եմ արձանագրել, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը: Մեր այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում: Այս հարցը բազմիցս եմ բարձրացրել նաև ռուսաստանցի մեր գործընկերների հետ քննարկումներում: Մենք, ՌԴ-ն և ողջ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր գերեվարված եղբայրների վերադարձը ապահովենք:

Մենք միջազգային հարթակներում և բոլոր աշխատանքային քննարկումներում շարունակում ենք այդ հարցը բարձրացնել, նաև դատական գործընթացներ ունենք միջազգային ատյաններում»,- հավելել էր  վարչապետը:

Հիշեցնենք, որ  «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ն իր՝ «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցում, որը հրապարակվել էր նոյեմբերի վերջին, անդրադարձել էր հայ գերիների թեմային։ «Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսները ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»,- նշված էր զեկույցում: Ըստ զեկույցի՝ 36 հայ ռազմագերի շարունակում է մնալ ադրբեջանական բանտերում: Այնինչ, ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, բոլոր գերիները պետք է ազատ արձակվեին: Զեկույցը շեշտում է՝ այժմ, երբ երկու պատերազմներն էլ ավարտվել են, բոլոր ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն Ժնևի կոնվենցիաների համաձայն: Ռազմագերիների մեծ մասը, ըստ այդմ, գերեվարվել է 2020 թվականի պաշտոնական հրադադարից մեկ ամիս անց Խծաբերդի տարածքում։

Հ. Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում