ԵՐԵՄԻԱ 17: 5 Այսպես է ասում Տերը. «Անիծյալ լինի այն մարդը, որ մարդու է վստահում և մարմինն իրեն բազուկ է դարձնում, և որի սիրտը խոտորում է Տիրոջից։ 6 Նա պիտի լինի ինչպես մոշենին անապատում. երբ բարիքը գա, այն չպիտի տեսնի, պիտի բնակվի անապատի խանձված տեղերում, աղի և անբնակ երկրում։ 7 Օրհնյա՜լ լինի այն մարդը, որ Տիրոջն է վստահում, և Տերն է նրա վստահությունը։ 8 Նա ջրերի մոտ տնկված մի ծառի նման կլինի. նա իր արմատները կձգի գետի մոտով և չի տեսնի տաքության գալու ժամանակը. նրա տերևները կանաչ կլինեն, երաշտի տարում նա չի մտահոգվի և չի դադարի պտուղ տալուց։ 9 Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ։ 10 Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ»։ 11 Անիրավությամբ հարստություն դիզողն իր չածածը թխսող կաքավի պես է. այն իր օրերի կեսին կլքի նրան, և իր վերջում հիմար կլինի։ 12 Փառքի գահ, բարձրացված սկզբից, մեր Սրբարանի վայրն է։ 13 Ո՛վ Տեր, Իսրայելի հույսը, քեզ բոլոր լքողները պիտի ամաչեն, քեզնից հեռացողները գետնին են գրվելու, որովհետև թողեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբյուրին։ 14 Բժշկի՛ր ինձ, ո՛վ Տեր, և ես կբժշկվեմ. փրկի՛ր ինձ, և ես կփրկվեմ, որովհետև իմ պարծանքը դու ես։ 15 Ահա նրանք ինձ ասում են. «Որտե՞ղ է Տիրոջ խոսքը, թող գա»։ 16 Քեզ հետևելով՝ հովիվ լինելուց չխուսափեցի և աղետի օրվան չցանկացա, դու գիտես՝ իմ շրթունքներից դուրս եկածը քո առաջ էր։ 17 Ինձ համար արհավիրք մի՛ եղիր, չարիքի օրը իմ ապավենը դու ես։
Օրվա խոսք ` « Զանազան ասացվածքներ »:
