ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ռուսական կողմի հետ հանդիպմանն անդրադարձել են հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներում եղած խախտումներին:
«Նույնիսկ կարիք չի եղել փաստեր ներկայացնելու, մենք ընդամենը ասել ենք, որ խախտումներ են եղել, և ընդունվել է, որ խախտումներ եղել են»,- ասաց Խաչատրյանը, հավելելով, որ բանակցային պրոցեսի մասին այլ մանրամասներ չի կարող հայտնել։
ԲՏԱ նախարարը նաև նշեց, որ հանդիպման ընթացքում հեռուստաընկերությունները փակել չփակելու հարց մտցնելը սխալ կլիներ, քանի որ ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ընթացքից.
«Կոնսուլտացիայի ընթացքից էին կախված մեր հետագա հարաբերությունները։ Եթե մեր գործընկերները նշում են, որ քայլեր կձեռնարկեն, որ կապահովեն համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանումը, մենք էլ ակնկալում ենք, որ նման հաղորդումներ եթեր չեն հեռարձակվի»։
Խաչատրյանը նկատեց՝ կոնսուլտացիաների արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, որի մեջ արձանագրված է այդ ամենը։
