Հոլանդացի գիտնականները պարզել են, որ նախադիաբետը սպառնում է այն մարդկանց, որոնք հաճախ կաթ են օգտագործում, հայտնում է «ScienceDirect» պարբերականը: Խոսքը ածխաջրային նյութափոխանակության խանգարման մասին է, երբ մարդը դեռ շաքարախտ չունի, բայց շաքարն արդեն այնքան էլ լավ չի յուրացվում։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 74 հազար մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 46 տարեկան։ Գիտնականները նշել են նրանց կենսակերպը, սովորություններն ու օգտագործվող կաթնամթերքի ծավալը, այդ թվում՝ յոգուրտները, կեֆիրը, պաղպաղակը, պանիրը եւ այլն։ Կամավորների առողջական վիճակը վերահսկվել է արյան անալիզի միջոցով։
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ կաթի օգտագործումը բարձրացնում է նախադիաբետի վտանգը։ Ընդ որում, կարեւոր չէ, թե որքան է դրա յուղայնությունը։ Մինչդեռ ճարպային յոգուրտները գործում են ճիշտ հակառակը՝ նվազեցնելով ածխաջրերի նյութափոխանակության խանգարումների զարգացման հավանականությունը: Սա հատկապես ճիշտ է նրանց համար, ում տարիքը 60 տարեկանից բարձր է։
Ինչպես հայտնում է «Росийская Газета»-ն, էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան, մեկնաբանելով այս հետազոտության արդյունքները, նշել է, որ ինքը կովի կաթ խմելու մոլի հակառակորդն է։ Նա բացատրել է, որ կովի կաթը պարունակում է A1 կազեին, որը մարդու օրգանիզմում վերածվում է պեպտիդ բետա-կազոմորֆին 7-ի:
«Այս ապրանքի լավ փոխարինողը բուսական անալոգներն են։ Առնվազն դրանցում հաստատ չկա բետա-կազոմորֆին 7 վնասատու սպիտակուց՝ ի տարբերություն կովի կաթի»,- պարզաբանել է Պավլովան՝ հավելելով, որ ֆերմենտացված կաթնամթերքում այն նույնպես չկա, ինչը նշանակում է, որ կարելի է հանգիստ օգտագործել կեֆիր և յոգուրտներ։
