Զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, թե Ջրային պարեկային ծառայության նավը հարվածել է ձկնորսներից մեկի նավակին, ինչի արդյունքում այն շրջվել է, իսկ ձկնորսները հրաշքով փրկվել են։
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն է խնդրել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից:
«Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ։ Ջրային պարեկային ծառայության նավը ջրային որևէ այլ փոխադրամիջոցի չի հարվածել։ Ջրային պարեկները գործել են իրենց իրավասության շրջանակներում»,- հայտնեց Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանական հատուկ օպերացիա էր իրականացվել:
Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել:
Հանցավոր արարքներ կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 26 անձ։
