«Շատ իրավացի և ճիշտ գործ եք մեջբերում»:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության Հարցազրույցի տաղավարում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, աձագանքելով Պետրոս Ղազարյանը այն դիտարկմանը, որ օրինակ Գագիկ Խաչատրյանի գործը, որը 2020 թվականի Օգոստոսի 14-ից սկսվել է, և հիմա, որ արդեն 2023 թվականն է ավարտվում, կարծես ոչինչ չի փոխվել:
Վարդապետյանը նկատեց, որ հենց այդ պատճառով էլ բոլորովին վերջերս դատախազությունը ստիպված միջնորդություն է ներկայացրել՝ իրավունքի չարաշահման հիմքով Գագիկ Խաչատյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պահանջով: Գլխավոր դատախազի խոսքով՝ դատարանը մերժել է դատախազությնա պահանջը, որը պատրաստվում են բողոքարկել:
«Վերջին ութ ամիսների ընթացքում 14 դատական նիստ է տեղի ունեցել, 12 դատական նիստը չի կայացել Գագաիկ Խաչատրյանի առողջության վատթարացման պատճառաբանությամբ: Մեզ համար անհասկանալի զուգադիպությամբ Գագիկ Խաչատրյանի առողջությունը վատթարանում էր նիստից մեկ օր առաջ: Մինչ այդ ամբողջ ընթացքում չի եղել որևէ տվյալ, որ Գագիկ Խաչատրյանն օրինակ ստացիոնար բուժման մեջ է գտնվել: Գտնվել է իր տանը, նիստից առաջ վատ է զգացել, կամ գալիս է դատարան, նսիտը բացում են, Գագիկ Խաչատրյանը լավ չի զգում, և օրինակ գնում է սանհանգույց և 20 րոպե հետո պարզվում է, որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ»,- ասաց Աննա Վարդապետյանը և հավելեց. «Ընդամենը մնացել է մի քանի նիստի աշխատանք, որ պետք է դատախազությունն իրականացնի, մեկ անձի հարցաքնություն և արդեն ավարտական փուլն է: Մենք դեռևս չենք կարող բովանդակային դատաքննության անցնել, դա է պատճառը որ նման ծայրահեղ քայլի ենք գնում և կարծում ենք, որ գոնե խափանման միջոցի փոփոխությունը այս իրավունքի չարաշահման գործընթացը կկասեցնի և գոնե շահագրգռված կլինեն որպեսզի մենք բովանդակային երկու, երեք նիստ անենք և ավարտենք»:
Խոսելով վերջինիս որդիների մասին գլխավոր դատախազն ասաց, որ մեկ շաբաթ առաջ մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել է և ուղարկել դատարան:
«Ամենամեծ կտորը մեղադրանքի վերաբերում է մոտավորապես 115 միլիոն ԱՄՆ դոլարի փողերի լվացմանը: Այս պահին որպես մեղադրյալ ի թիվս այլոց անցնում են Գագիկ Խաչատրյանի կրտսեր որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, և եղբորորդին՝ Արամ Խաչատրյանը, ավագ որդին՝ Գուրգենը դեռևս գտնվում է հետախուզման մեջ»,- ասաց Վարդապետյանը:
Նա նաև նշեց. «Մենք էլի ակնկալում ենք, որ դատարնը հետևողական նիստեր կնշանակի և հնարավորություն կտա մեղադրանքի կողմի հրապարակային դատաքննության շրջանակներում ներկայացնել մեղադրանքը, որպեսզի բոլոր ասեկոսեները մեղադրանքի շուրջ կարողանանք փաստով հաստատել կամ հերքել»:
