Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը: Հայ մեծանուն ֆուտբոլիստին իրենց հարգանքի տուրքն են մատուցել պաշտոնյաները, մարզաշխարհի ներկայացուցիչները, խաղընկերներն ու ընկերները:
«Ժամանակն անողոք է: Նիկոլայ Ղազարյանը լուսահոգի դարձավ, բայց ինքը շատ վառ անհատականություն էր: Իսկ ֆուտբոլում հիշվում է որպես հրթիռային արագությամբ ֆուտբոլիստ, մեծ հաղթանակներ կերտած ֆուտբոլիստ»,- ասաց հոգեհանգստին ներկա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
««Արարատ-73»-ի այն լեգենդար թիմից արդեն մեզ հետ չեն 7 ֆուտբոլիստներ: Նիկոլայի կորուստը միայն ընտանիքի, ընկերներիս կորուստ չէ, այլ հայ ֆուտբոլասերինը, ով տեսել է, թե ինչպիսի ֆուտբոլիստ էր Կոլյան:Նա բացառիկ ներդրում է ունեցել «Արարատ»-ի լեգենդար հաղթանակներում: Կենսուրախ և ինքնատիպ ֆուտբոլիստ էր»,- ասաց «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 19-ին, Երևանի թիվ 8 հիվանդանոցում մահացել էր լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը:
