Ապուշություն, հիմարություն և սուտ. Սիմոնյանը՝ արտահերթ ընտրությունների գնալու մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց լուրերը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արտահերթ ընտրությունների գնալու հարց է քննարկվում:

«Ապուշություն, հիմարություն և սուտ։ Ինչի՞ համար է պետք արտահերթ ընտրություններ»,- հակադարձեց Սիմոնյանը։

Վերջինիս խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը սահմանադրական մեծամասնություն ունի. «Ինչի՞ համար պետք է գնանք արտահերթ ընտրությունների, սահմանադրական մեծամասնություն ունենք։ Էլ չենք ասում, որ էս վիճակում կարող ենք տարին մեկ ընտրություններ կրել, իսկ ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների գնալ, անգամ քաղաքային ընտրությունների չեն մասնակցում։ Իմաստը ո՞րն է։ Օրակարգ են ձևավորում, հետո սկսում են այդ օրակարգի դեմ պայքարել, հո մանկապարտեզ չէ»:

Սիմոնյանը նկատեց՝ ժողովրդավարական իշխանությանը որևէ մեկը որևէ բան չի կարող պարտադրել: 

«Կարող էին Ռոբերտ Քոչարյանին պարտադրել ռուսները, կարող էին Սերժ Սարգսյանին պարտադրել։ Ասենք՝ ամերիկացիները գրանտ տալու դիմաց նախկին իշխանություններին կարող էին պարտադրել։ Մեզ ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել, որովհետև մեզ վրա լծակ չունեն։ Մեզ պետք չէ, որ մեր ընտրությունը ճանաչեն, մեր գլուխը շոյեն, ասեն՝ լեգիտիմ եք»,- ասաց Սիմոնյանը:

Կիսվել սոց․ ցանցերում