ՀՀ կառավարությունը կստանձնի ԼՂ կառավարության, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ՀՀ բանկերից ստացած շուրջ 780 մլն ԱՄՆ դոլար վարկի պարտավորությունը. առանձին դեպքերում հարկ կլինի լրացուցիչ քննություն իրականացնել, այդ թվում՝ ՀՀ իրավապահների կողմից
Լեռնային Ղարաբաղի կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային կազմակերպությունների հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ կամ շուրջ 780 մլն ԱՄՆ դոլար, որոնց գերակշիռ մասի սպասարկումը ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել։
Այսինքն՝ ԼՂ կառավարության բեռը կստանձնի ՀՀ կառավարությունը։
Խոսքն այն մասին է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հայաստանյան բանկերից վարկեր է վերցրել, որոնք պետության և իր կողմից ստեղծված հիմնադրամների միջոցով տրամադրել է Ղարաբաղի իրավաբանական և ֆիզիկական անձանց տարբեր նպատակներով՝ բնակարան գնելուց մինչև բիզնես նպատակներ, և հիմա հայաստանյան բանկերը չեն կարող ԼՂ կառավարությունից դրանք հետ ստանալ։
Միաժամանակ մտահոգություններ կան, որ կարող են լինել դեպքեր, որ այդ վարկերի մի մասը կարող է այլ նպատակներով ծախսված լինել, օրինակ՝ ներդրված լինել Հայաստանում կամ արտերկրում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց, որ նախագծով, որն իրենք ներկայացրել են ԱԺ-ին, պահանջի իրավունքները զիջվում են Հայաստանի Հանրապետությանը, և ՀՀ կառավարությունը կարողանալու է գնալ այդ գումարների հետևից, և եթե հանդիպեն դեպքերի, երբ գումարները ոչ նպատակային են տրամադրվել կամ օգտագործվել, ՀՀ կառավարությունը կկարողանա այդ գումարների համար պահանջ ներկայացնել, այդ թվում՝ ՀՀ իրավապահները։
Նախագծով, որն ի դեպ, ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց, ըստ էության, ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի 315 մլրդ դրամ պարտքը վերցնում է իր վրա։
Հայաստանի Հանրապետությունը այս գումարը մարելու համար հայաստանյան բանկերի համար 10 տարի ժամկետով պարտատոմսեր կթողարկի։
Մի կարևոր հանգամանք ևս՝ ԼՂ կառավարության պարտքը ՀՀ բանկերին ավելին է, քան 315 մլրդ դրամը։ ՀՀ կառավարությունը ստանձնում է այն պարտավորությունները, որոնց հետևից գնալ անհնար է, այսինքն՝ դրանք իրացվել են Արցախում։ Իսկ այն դեպքերում, երբ վարկը վերցրել են ԼՂ կառավարությունից, սակայն բիզնես են հիմնել Հայաստանում կամ գումարները արտերկրում են ներդրվել, ՀՀ կառավարությունը չի ստանձնում այդ պարտավորությունները։ Բանկերը իրենք կարող են գնալ դրանց հետևից և ապահովել դրանց հետագա սպասարկումը։ Այն բիզնեսները, որոնք գտնվել են ԼՂ տարածքում, և գրավն էլ եղել է այնտեղ՝ մտել են 315 մլրդ դրամի մեջ, որովհետև դրա հարցը այլևս հնարավոր չէ լուծել։ Նախարարն ընդգծեց նաև, որ այդ ցուցակի մեջ մտած չեն նաև անգրավ վարկերը, քանզի վարկերը պետք է տրամադրված լինեին գրավի դիմաց։ Առանց գրավի վարկերը թույլ են տալիս ենթադրել, որ տեղի է ունեցել կեղծ գործարք։
Ավելի պարզ ասելով՝ օրինակ, եթե վարկ է տրամադրվել, որի դիմաց գրավ է դրվել անշարժ գույք, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղում, ապա դա մտնում է 315 մլրդ դրամի մեջ, այսինքն՝ դրա սպասարկումը իր վրա է վերցնում ՀՀ կառավարությունը։ Եթե գրավադրվել է գույք, որը գտնվել է ԼՂ տարածքից դուրս, ապա դա չի հայտնվել 315 մլրդ-ի մեջ, դրա հետագա սպասարկման հետևից պետք է գնան ՀՀ բանկերը։ Իսկ այն դեպքերով, որոնց մասին խոսվում է հանրության շրջանում, սոցիալական ցանցերում, թե 2023-ին ԼՂ-ում տեղի ունեցած ռազմական գործողություններից օրեր առաջ մեծ թվով վարկեր են տրամադրվել կամ ինչ-որ հողամասեր գրավադրելով անհամաչափ մեծ գումարի՝ մինչև մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող վարկեր են տրամադրվել, դրանք պետք է դառնան հետագա քննության առարկա, այդ թվում՝ իրավապահների կողմից։
