Երևանի կենտրոնում պիկ ժամին մեքենայով շրջելիս ի՞նչ զգացողություն ունեք. Ավինյանը՝ ընդդիմադիր ավագանու անդամին

«Քննադատել բոլոր տեսակի տեղական տուրքերի կամ վճարների նախագծերը շատ հեշտ է, և հեշտ մատուցելի»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով  մայրաքաղաքի կենտրոնում կայանատեղիների նոր սակագներ սահմանելու նախագծին և դիմելով ընդդիմությանը, որն առաջարկում է մեկ տարով հետաձգել նախագիծը:

«Համակարգային փոփոխությունները այնուամենայնիվ որոշակի քաղաքական պատասխանատվություն են ենթադրում և դժվար քայլերի և դժվար որոշումների գնալ են ենթադրում և սա դժվար որոշումներից մեկն է: Սա մեկ ընդհանուր համակարգի մասնիկ է»,- ասաց նա և հավելեց, որ հնարավոր է տասնամյակներով սպասել, բոլոր արդարացումները բերել. «Իսկ Երևանում կենտրոնում մեքենայով շրջելիս պիկ ժամին ի՞նչ զգացողություն ունեք»:

Քաղաքապետը նշեց, որ Երևանում հանրային տրանսպորտին պետք է տալ արտոնություն:

«Առհասարակ, Երևանի կենտրոնը անհատական մեքենաներից պետք է որոշակիորեն բեռնաթափել։ Մեր մեկ ավտոբուսի մեջ 60-ից ավել ավտոմեքենայի չափով մարդ է տեղավորվում։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այս որոշումները բավարար չեն լինելու ամբողջական բեռնաթափման համար, և գալու ենք, նոր սահմանափակումներ քննարկենք»:

Կիսվել սոց․ ցանցերում