ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ կյանքում մեծ հարստություն չկուտակեց. դրան չէր ձգտում նրա հոգին: Դրա փոխարեն նա վաստակեց հանդիսատեսի մեծ սերը, ընկերների ու հարևանների նվիրումը: Այդ մարդիկ այսօր էլ հիշում են Ֆրունզիկին ու գնահատում իրենց կյանքի այն պահերը, որ անցկացրել են Վարպետի հետ: Իր սիրելի հարևանի մասին է պատմում Էլինար Շահենը (գուսան Շահենի դուստրը):
«Հետաքրքիր է, որ յուրաքանրչյուր հանճարեղ մարդ իր մեջ թաքնված մի հրաշք ունի: Դրանից զերծ չէր նաև Ֆրունզիկ Մկրտչյանը: Նա կարողանում էր կանխատեսել իր ու շրջապատի հետ կապված այն իրադարձությունները, որ պետք է կատարվեին թեկուզ մեկ րոպե հետո:
Ամենասարսափելի կանխատեսումը եղավ իր մահն ու թաղումը:
Դեկտեմբերի 28-ն էր` իր լավագույն ընկերոջ` Ազատ Շերենցի թաղման օրը: Վարպետն այնքան վատ էր, որ չկարողացավ անգամ մասնակցել ընկերոջ թաղմանը: Հենց այդ երեկո էլ Վարպետը վախճանվեց:
Շուտով նրա բնակարանում հավաքվեցին բոլոր հարազատներն ու մտերիմները: Այն ժամանակ նրա դուստրը` Նունեն, դեռ ողջ էր, և հենց նա էլ մեզ պատմեց, որ նախորդ օրը Մհերը գնացել էր աղջկա տուն և ասել, որ եկել է հրաժեշտ տալու: Նա թերևս զգացել էր, որ իր կյանքն ավարտվում է:
«Ինձ թաղելու են ամենալավ օրը, երբ կանանց ձեռքերը խմորի մեջ կլինեն: Իմ շնորհիվ իմ ամբողջ թաղամասը երկու շաբաթ լույս կունենա. իմ մահով կլուսավորեմ հարևաններիս»:
Եվ մանրամասն նկարագրել էր, որ իր դագաղը կդնեն Օպերայի և բալետի շենքի երկրորդ հարկի սրահում: Կգա Լևոն Տեր- Պետրոսյանը և կկանգնի իր գլխավերևում: Բայց երկար չի կանգնի, քանի որ գյումրեցի մի կին` սև շորերով, կմոտենա նրան ու բարձրաձայն կբողոքի, այնպես որ նախագահն իր մարդկանց հետ կթողնի ու կհեռանա: Ու հետո իրեն կհանեն դուրս` Թումանյան փողոց, որ հասցնեն իր թատրոն, բայց ճանապարհին կփոշմանեն. «Մեր Ֆրունզին բա չտանե՞նք Պրոսպեկտով ներքև, և ուղղությունը կփոխեն դեպի Մաշտոցի պողոտա»:
Վարպետի կանխատեսումներն իրականություն դարձան: Հրաժեշտի արարողությանը ես հարազատների հետ նստած էի, երբ Լևոն Տեր- Պետրոսյանը եկավ մեծ դերասանին հրաժեշտ տալու: Գյումրեցի մի կին մոտեցավ նախագահին ու ամոթանք տվեց, թե Ֆրունզը մեռնի, ամբողջ Գյումրին նրա թաղմանը ներկա լինելու հնարավորություն չունենա՞:
Եվ ղեկավար կազմը հապշտապ թողեց ու հեռացավ: Իսկ երբ Վարպետին փողոց էին դուրս բերել, պատշգամբներից ալրոտ ձեռքերով կանայք դուրս էին եկել դերասանին հրաժեշտ տալու:
Երբ Վարպետին արդեն Թումանյան փողոցով իջեցնում էին դեպի թատրոնի շենք, փոշմանեցին, և սգո թափորը ուղղություն վերցրեց դեպի Մաշտոցի պողոտա: Էլ չեմ ասում այն մասին, որ նրա թաղմանը, ինչպես նաև հաջորդ մի քանի օրերին հայ ժողովուրդը “լուսավորվեց”. բոլորիս տներում շուրջօրյա լույս կար…
Շատ բարի էր, մարդասեր: Մհեր Մկրտչյան դերասանը և Մհեր Մկրտչյան մարդը նույն հանճարեղ անձնավորությունն էր. ամաչկոտ, հումորի մեծ զգացումով, անկեղծ, ինչ -որ տեղ` նաև միամիտ, բարեսիրտ ու հոգատար, որը միևնույն ժամանակ կարող էր ողբերգություն ապրել և ուրախությունից ցնծալ»:
Թագուհի Ասլանյան
