Գրող Արփի Ոսկանյանը գրում է.
Ինչո՞ւ Սոֆի Դեվոյանի հարցազրույցն էդքան կրքեր բորբոքեց, ծաղրուկանակի առիթ դարձավ։ Նայում եմ «Մեր բակը», ծայրից ծայր էժան, անհումոր բառախաղեր են, որոնցից զռռում է, որ դրանց հեղինակները ի լրումն տարօրինակ հումորի զգացման նաեւ հայերեն չգիտեն։ Բայց մեզ սա էն ժամանակ էս կարգի անընդունելի չի թվացել։ Իհարկե, գիտեինք, որ տափակություն է, բայց եթեր չթողնելու աստիճանի հիմարություն չէր թվում, մենք էդ տափակությունները մեր կյանքում էլ էինք օգտագործում։ Որովհետեւ կար ուրախների եւ հնարամիտների ակումբը, որը մշակույթ էր ձեւավորում ու թելադրում, մշակույթ` ավելի լայն իմաստով, քան ժամանցային հեռուստահաղորդումը։ Այն, որ Սոֆի Դեւոյանը այդքան կրքեր բորբոքեց, խոսում է մի բանի մասին` այդ մշակույթն այլեւս չկա իր էն ժամանակ այդքան հասկանալի տրամաբանությամբ։ Կամ առնվազն թելադրող չէ։ Ե՞րբ տեղի ունեցավ այդ փոփոխությունը։ Բնականաբար ոչ մեկ օրում։ Մի օր պարզապես արձանագրում ես էդ փոփոխությունը։ Դա նման է երեխայիդ մեծանալուն։ Քեզ համար նա քո պստիկն է, որովհետեւ քո աչքի առաջ ու աստիճանաբար է տեղի ունենում նրա մեծանալը։ Դու շարունակում ես շոյել գլուխը, փաղաքշական ձեւով կրճատել անունը, դիմել տարբեր գազանիկների անուններով, մեկ էլ տեսնում ես ձեր արտացոլանքը հայելում ու զարզանդում` քեզնից մի գլուխ բարձր է։ Եվ ինչքան նորմալ է փոփոխությունների աննկատ ընթացքը, էդքան նորմալ է փոփոխության անսպասելի արձանագրումը։ Չէ՞ որ մենք չենք կարող մի օր չնկատել, որ մեր երեխան մեզնից բոյով է։ Կտխրենք մենք այդ փաստից, թե կուրախանանք, թե երկուսը` միաժամանակ, խոշոր հաշվով նշանակություն չունի։ Առավել իմաստուններն, իհարկե, կգուշակեն էս ապագան եւ նույնիսկ գուցե պնդեն, մեջբերեմ դասականին, որ երեխաները պարտավոր են մեծանալ։
