ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անփութությո՞ւն, թե՞ դիտավորություն. ինչո՞ւ են պետական շինարարական ծրագրերն իրականացվում թերի. եթե թերությունները չբացահայտի վարչապետը, դրանք կշտկվե՞ն, թե՞ կմնան թերի

Անփույթ աշխատողներ եղել են ու կլինեն բոլոր ժամանակներում, բոլոր  հասարակարգերի ու բոլոր իշխանությունների ժամանակ։ Եվ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ հիմա, եթե աշխատանքի պատշաճ վերահսկողություն չի լինում, աշխատանքը շատ դեպքերում կատարվում է թերի։

Այսօր կառավարության նիստի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ դիտողություն է արել բոլորին, հատկապես մարզպետներին՝ աշխատանքի վերահսկողությունը պատշաճ չկատարելու և չլուծված հարցերի համար։ Հիշեցնենք, որ երեկ վարչապետն այցելել էր Լոռու մարզ, ծանոթացել մարզում նոր կառուցված դպրոցի պայմաններին, ինչպես նաև մարզի մի քանի այլ դպրոցների նորակառույց մարզադահլիճների պայմաններին։ Վարչապետը կատարված աշխատանքները բավարար չի համարել և այսօր կառավարության նիստի ժամանակ նշել է, որ շատ դառնացած է հատկապես այն մասով, թե ի՞նչ է մտածելու երեխան իր պետության մասին, եթե դպրոցում կախիչը պոկվում է։

Հիշեցնենք նաև, որ այսօրվա նիստում վարչապետը որոշում է կայացրել աշխատանքից ազատել ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։

Ամենևին չանձնավորելով որևէ նախարարի, մարզպետի կամ այլ պաշտոնյայի՝ նկատելի է, որ պետական կառավարման համակարգում կա ակնհայտ դիմադրություն՝ այն հարցերում, որոնք վերաբերում են մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին, որոշ դեպքերում դա կարելի է դիտարկել դիտավորություն, որոշ դեպքերում՝ անփութություն ու անտարբերություն, սակայն ցավալին այն է, որ այս ամենից տուժում է հասարակությունը։

Բնականաբար վարչապետը չի կարող վերահսկել մեր երկրում կատարվող բոլոր աշխատանքները, բայց երբ շրջայց է կատարում հատկապես մարզերում, թերությունները նկատում է ու բարձրաձայնում այդ մասին, որքան էլ պատասխանատուները փորձում են քողարկել թերությունները։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ շատ հաճախ էլ իրենց ենթակա ու հաշվետու կառույցներն են փորձում մարզպետներից թաքցնել կատարվող աշխատանքների թերություններն ու խնդիրները։

Եվ եթե նախկին իշխանությունների օրոք երբեմն իրականացվող շրջայցերի ժամանակ հատուկենտ ու կիսատ-պռատ կատարվող աշխատանքները ներկայացնում էին որպես աշխարհացունց մի իրադարձություն, և առանձնապես վերահսկող էլ չկար, ապա 2018-ից հետո, երբ երկրում կառավարության միջոցներով իրականացվում են աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ, թե՛ երկրի ղեկավարի և թե՛ հասարակության կողմից նմանատիպ աշխատելաոճը  դատապարտվում է։ Պարզապես խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգում թե հին, թե նոր աշխատակիցների մեջ կա մի մեծ զանգված, որոնք այդպես էլ իրապես չընկալեցին, որ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և ակնհայտ արժեհամակարգային փոփոխությունների հետ չեն հաշտվում, և թերի աշխատանքի պատճառով շատ դեպքերում պատժվում են ոչ թե անմիջական թերացողները, այլ նրանց վերադասները։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան  

Կիսվել սոց․ ցանցերում