ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սուրբ Ծննդյան առաջին ցանկությունը խшղшղությունն է. Այսօր ՀՀ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ

Հայ Առաքելական եկեղեցին վաղը՝ հունվարի 6-ին, կնշի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Իսկ այսօր Ճրագալույց է։ Հայաստանյան եկեղեցիներում ժամը 17:00-ին կկատարվի երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ։
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մատաթիա քահանա Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր մատուցվող Ճրագալույցի  պատարագի ընթացքում համայն հայությանը տրվում է Քրիստոսի Ծննդյան ավետիսը։
«Եվ իմ մաղթանքն է, որ յուրաքանչյուրս մասնակցենք խորհրդին՝ Սուրբ և անմահ պատարագին, որտեղ պատարագվում է Քրիստոս, հաղորդվենք Քրիստոսի կենարար և փրկչական սուրբ մարմնին և արյանը, որովհետև Քրիստոսն ինքն է ասում՝ ով չուտի իմ մարմինը և չխմի իմ արյունը, կյանք չունի։ Իսկ ես վստահ եմ, որ յուրաքանչյուրս ուզում է կյանք ունենալ՝ մասնակցելով սուրբ Պատարագին՝ հաղորդվենք Քրիստոսի մարմնի և արյան հետ և թույլ տանք Քրիստոսին՝ ծնվի մեր սրտերում, մեր հոգում, մեր մտքում»,-ասաց Տեր Մատաթիան։

Այնուհետև Տեր Մատաթիան, հիշատակելով երջանկահիշատակ Վազգեն 1-ին վեհափառ հայրապետի խոսքերը, ասաց. «Երբ ասում էր՝ Քրիստոս փնտրելու ճանապարհին ես գտա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հայ քրիտոնյայի համար դեպի Քրիստոս տանող ճանապարհը հայոց սուրբ եկեղեցին է՝ ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»։

Տեր Մատաթիան նաև ասաց, որ շատ է կարևորում, որպեսզի այսօր հավատացյալները ոչ միայն եկեղեցուց ճրագ տանեն իրենց տներ, այլև անպայման մասնակցեն Ճրագալույցի պատարագին։

Քահանան ուրախությամբ նշեց, որ հատկապես պատարագի օրերին եկեղեցում մեծ է լինում երիտասարդների հոսքը։
Մենք զրուցել ենք նաև եկեղեցի այցելած քաղաքացիների հետ, տեղեկացել, թե նրանք ինչպես են նշում   Սուրբ Ծնունդը։
Բելգիայում բնակվող Հակոբ Դեմիրը, որն այս տարի Սուրբ Ծնունդը նշում է Հայաստանում, մեզ հետ զրույցում պատմեց, թե Բելգիայում ինպես են նշում Սուրբ Ծնունդը։

Մեզ հետ զրուցած քաղաքացիների մեջ կային նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ամուսիններ, որոնք ևս պատմեցին, թե Արցախում ինչպես էին տարբեր ժամանակներում նշել Սուրբ Ծնունդը, իսկ այսօր եկեղեցի են եկել ու հույս ունեն, որ մի օր կվերադառնան իրենց ծննդավայր։

Ի թիվս այլ ցանկությունների, մեզ հետ զրուցած բոլոր քաղաքացիների ամենաառաջին ցանկությունը մեկն է` խաղաղություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Կիսվել սոց․ ցանցերում