Ինչպես են սոցցանցերի միջոցով գումարներ շորթում. ծուղակ օգտատերերի համար

Lragrogh.com-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին, որը  չցանկացավ հրապարակել իր անունը, մանրամասն պատմեց, թե ինչպես է ինքը սոցիալական ցանցերի պատճառով դարձել խաբեության զոհ:

«Սոցցանցերում մարդկանց խաբելով գումարներ են շորթում: Մտնում ես «Ֆեյսբուք »  կամ  «Ինստագրամ » սոցիալական ցանցերը, տեղեկություն կա, որ կարող ես օրական երկու  հազար, ութ հազար, տաս հազար դրամ գումար աշխատել, մինչեւ այդ չափն ավելանում է: Երբ դու հետաքրքրվում ես, թե որքանով է օրինական իրենց գործունեությունը, իրենք տրամադրում են լիցենզիա, որը տրամադրել է Ռուսաստանի Դաշնությունը: Երկար բանակցելուց հետո իրենք ուղարկում են այդ լիցենզիան, որպեսզի դու ուսումնասիրես: Հետո ցանցում հրահանգիչի միջոցով կայքն ես ակտիվացնում, սկզբում փոքր գումարներով ցանցն ես ակտիվացնում, մեկ այլ տեղ գումարը ներդրում է համարվում: Սկզբում խոսքը փոքր գումարների մասին է` 2000-5000 դրամների մասին է խոսքը: Իրենք քեզ վստահեցնում են, որ առաջիկայում այդ գումարները ներդնելու դեպքում քեզ չեն խաբելու, դու այդ գումարը տեսնելու ես քո հաշվեհամարում: Քեզնից տվյալներ են պահանջում` անուն, ազգանուն, հայրանուն, քարտի տվյալներ, հեռախոսի համար, տարիք, զբաղվածություն: Երբ դու այդ ամենը տրամադրում ես, գումար են լիցքավորում մի հաշվեհամարի, որը հայկական անուն-ազգանուն ունի: Հիմնականում   «Արդշինբանկ»-ի  բաժանորդների մասին է խոսքը: Երբ այդ գումարը լիցքավորում ես, պետք է պատճենես, ուղարկես իրենց: Իրենք քո պատճենի հիման վրա այդ գումարը տեղադրում են: Կայք կա, որ հինգ առաջադրանք է տալիս, կայք կա` տաս, կայք կա` քսան  առաջադրանք: Որքան մեծանում են առաջադրանքները, այնքան գումարի չափն է մեծանում:  Սկզբում, օրինակ, 2680 դրամ փոխանցեցի, նստում է տվյալ կայքի հաշվին այդ գումարը, քեզ տալիս են վեց առաջադրանք, որ պետք է կատարես. քեզ նկարներ են գալիս` հագուստի, կոշիկի, սննդի, սուրճի, ականջակալի: Քեզ ասում են, որ A-ից B  կետ տեղի է ունենում առք ու վաճառք, դու հանդիսանում ես ֆինանսապես միջնորդ: Եթե դու կարողանում ես ֆինանսապես վճարել Պողոսի գումարին, որպեսզի Պետրոսը կարողանա վաճառել Պողոսին, այդ վաճառքի գումարը դու ես փոխանցում, իրենք քեզ հետ  գումար են փոխանցում կես դրույքով: Վճարելուց հետո առաջադրանքները կատարում ես, վերջացնում ես, քո կայքի գումարը 2680 դրամից   դառնում է 4000 դրամ: Հրահանգիչը պահանջում է գումարը հետ հանել, դու հանում ես, եւ դա ապացուցում է, որ ինքը վստահելի է: Քեզ ասում են, որ մի անգամ եւս  ավելի շատ գումար ներդրի, եւ քեզ խրում են ճահճի մեջ: Դու այդ գումարը փոխանցում ես, եւ առաջադրանքների ընթացքում այն դառնում է եռապատիկ, տասնապատիկ: Երբ գումարն աճում է, իրենք խոստանում են, որ առաջադրանքը կատարելուց հետո այն անմիջապես հետ է նստելու քո հաշվեհամարում: Իմ պարագայում ես անցել եմ նաեւ երկրորդ առաջադրանքը, երրորդի դեպքում դարձրել են մեկ միլիոն երկու հարյուր իննսունհինգ հազար դրամ, առաջադրանքի համար պահանջել են մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ, որպեսզի իմ գումարը հետ վերադարձնեն: Բայց դրանք պատճենված կայքեր ու պատկերներ են: Ասելիքս այն է, որ մարդիկ իմանան եւ չտուժեն նման կայքերի պատճառով: Իրենք ներկայանում են կա’մ վիետնամական համարներով, կա’մ  Լոնդոնի, կա’մ Չինաստանի, տարբեր պետությունների հեռախոսահամարներով: Իրենք կապ են հաստատում կա’մ Վոթսափ, կա’մ Տելեգրամ ալիքների միջոցով: Ինձ հետ կապ են հաստատել kafix. am, երբ հղում ես տալիս, բերում է սուրճերի ֆիրմայի մասին տեղեկություն, անգամ սրճարանների նկարներ է բերում, որոնք կապ չունեն իրենց հետ: Ուղղակի իրենք ծուղակ են սարքել, որ մարդիկ մտնեն եւ իրենց գումարները փոշիացնեն »,- պատմեց մեր զրուցակիցը:

 

Կիսվել սոց․ ցանցերում