Ադրբեջшնի թիրախավորման պատճառով Արցшխում դադարեցվել են գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 23–ին, հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները` ուշադրություն  հրավիրելով հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն պայմաններին, սննդի և դեղորայքի սուր պակասին: Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ վառելիքի բացակայության և ադրբեջանական կողմից թիրախավորման պատճառով դադարեցվել են գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները։

Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի՝ ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը վերացնելու հրատապությունը:

Շեշտվել է այդ ուղղությամբ առկա բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ ԵՄ և իր անդամ պետությունների կողմից արդյունավետորեն օգտագործելու կարևորությունը՝ հաշվի առնելով, որ ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի շարունակական սրումը կարող է լուրջ հարվածի տակ դնել նաև տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:

Կիսվել սոց․ ցանցերում