Չի կարող լինել, որ Հայաստանը «միջшնցք» տրամադրի, բայց վերահսկողությունը որևէ այլ երկիր իրականացնի․ Բագրատյան

«Մենք պատրաստ ենք ապաշրջափակել ճանապարհները, ինչպես նաև Ադրբեջանը պետք է ապաշրջափակի ճանապարհները։ Ինչպես մենք ենք, օրինակ, Վրաստանով անցնում Ռուսաստան, այնպես էլ Ադրբեջանը պետք է Հայաստանով անցնի մեկ այլ երկիր, և սա է միջազգային կարգը»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է Ադրբեջանին միջանցք տրամադրի։

Հարցին, թե հնարավո՞ր  է, որ միջանցքի կամ ճանապարհների ապաշրջափակման հարցը դուրս մնա խաղաղության պայմանագրից, և այդ հարցը լուծվի հետագայում, պատգամավորը ասաց. «Կարծում եմ, որ առանցքային հարցերի շուրջ պայմանավորվածություն պետք է  ձեռք բերել, պայմանագիրը կնքել, իսկ դետալները և  տեխնիկական մասերը ընթացքում պետք է անընդհատ քննարկել՝ միջազգային կառույցների ներգրավմամբ, նրանց փորձը հաշվի առնելով կազմակերպել հետագա ընթացքը՝  սահմանազատումը և ճանապարհների ապաշրջափակումը։ Չի կարող, որ Հայաստանը միջանցք տրամադրի, բայց վերահսկողությունը որևէ այլ երկիր իրականացնի»։

Ինչ վերաբերում է ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններին, որ հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականներ ցանկանում են վերադառնալ  Հայաստան՝ իրենց բնակավայրեր, և այդ նույն կոնտեքստում են դիտարկում արցախահայերի վերադարձը Արցախ, պատգամավորը նշեց. «Կարծում եմ՝  դա ավելի շատ դիվանագիտական հնարք է, քան իրականություն, որովհետև հողի վրա շատ դժվար է  պատկերացնել, որ հայերը կգնան Բաքվում կապրեն, կամ ադրբեջանցիները Զանգեզուրում կապրեն։ Դրանք, կարծում եմ, դիվանագիտական ճնշման գործիքներ են, որովհետև շատ դժվար է  բնակեցնել որևէ տարածք, օրինակ՝ այն տարածքները, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ տարածքների վերաբնակեցման խնդիրը մեծ գլխացավանք է լինելու Ադրբեջանի համար, դրանք մեծ ռեսուրսներ են պահանջում»։

Հարցին՝ խաղաղության պայմանագրի համար Հայաստանը ո՞ր կողմին է  համարում  միջնորդ, կամ ո՞ր կողմը կարող է դառնալ  երաշխավոր, Բագրատյանը պատասխանեց. «Մեզ համար ընդունելի է օբյեկտիվ և անկողմնակալ  միջնորդների ներկայությունը։ Որ երկրները  որ պատրաստ են անկողմնակալ և օբյեկտիվ միջնորդի դեր ստանձնել,  մենք պատրաստ ենք աշխատել իրենց հետ, և ինչքան տարածաշրջանային երկրները ներգրավված լինեն խաղաղության պայմանագրում, այնքան այն ավելի ամուր կլինի»։

Մանրամասները՝  տեսանյութում։

Դավիթ Լևոնյան

Կիսվել սոց․ ցանցերում