Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կոտայքում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Ես հիմա մեկ անգամ ևս համոզվեցի, թե պաշտպանական գերատեսչությունում տարիներ շարունակ տեղ գտած արատավոր բարքերը որտեղից են գալիս։ Ակունքներն ու կրողը նմանատիպ մարդիկ են եղել, ովքեր իրենց վարք ու բարքով ուղիղ օրինակ են ծառայել։
Վստահ եմ, որ ընդդիմության պաշտպանական ֆլանգը արագ գործի կդրվի` ի պաշտպանություն սույն անձի»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում է, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Ըստ նույն տեղեկությունների՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել:
Այնուհետև ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, թե որտեղ է վերջինս հայտնաբերվել։
