Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ՝ ԳՇ նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է։
Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։
Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել էր երեկ։
Ավելի վաղ նրա պաշտպանը հայտնել էր, որ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Խաչատրյանի մասնակցությամբ խուլիգանության գործով կա 5 ձերբակալված անձ։
Հիշեցնենք՝ Խաչատրյանը մասնակից է Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանությանը։
Ըստ քննչական կոմիտեի՝ հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև։
Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից Տիրան Խաչատրյանը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել տեղի բնակչին։
