Իրավագետ Արտաշես Խալաթյանի գնահատմամբ՝ Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց տված ԼՂ քաղաքացի 17-ամյա ուսանողուհի Էլեն Առստամյանն այդ քայլին է գնացել վախի ազդեցությամբ պայմանավորված: Միևնույն ժամանակ, ըստ նրա, աղջկա հարցազրույցը, որն այժմ լայնորեն տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթում, ԼՂ իշխանության պատասխանատվության բացթողումն է։
«Ըստ էության՝ սթրեսային իրավիճակում է գտնվել, խոսքից էլ զգացվում է, բայց արդեն չափահաս տարիքին է մոտենում և կարող էր հասկանալ, որ այդ պահին ճիշտ քայլը լռելն է։ Այդուհանդերձ, եթե անգամ խոսել է, չէր կարող բացահայտ ադրբեջանական սահմանապահների ներկայությամբ մեղադրել Ադրբեջանին, նրանց հասցեին ինչ-որ խոսքեր ասել։ Այստեղ խնդիրը ԼՂ պատկան մարմինների մեջ է. պետք է նախապես բացատրական աշխատանքներ տանեին բոլոր ուսանող դեռահասների հետ, որոնք այդ օրը պետք է անցակետը անցնեին։ Պետք էր ասել, հնարավոր է՝ ադրբեջանական կողմից սադրանքներ հնչեն ու բացատրեին, թե այդ պահին ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Ըստ Խալաթյանի՝ թեև Ադրբեջանը 17-ամյա դեռահասին օգտագործում է՝ իր կեղծ քարոզչությունը առաջ տալու համար, սակայն սա չի կարող այդ երկրի ձեռքում ծառայել որպես հաղթաթուղթ։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ պետք է աշխատանք տանեն թե՛ ՀՀ, թե՛ ԼՂ իշխանությունները, որ ապացուցեն՝ Ադրբեջանը շահագործում և մանիպուլացնում է անցակետից անցնող մարդկանց հույզերն ու վախերը։
Անդրադառնալով աղջկա հասցեին հնչող քննադատություններին և այն կարծիքներին, որ եթե նա չխոսեր, գուցե դեռահասի հետ անցակետում ինչ-որ դեպք պատահեր, Խալաթյանը նկատում է, որ նման խնդիր չէր կարող լինել, որովհետև Ադրբեջանը չէր կարող մեղադրանք ներկայացնել աղջկան՝ հաշվի առնելով տարիքն ու սեռը։
«Չէին կարող անգամ իրենց երևակայության մեջ այդպես մտածել։ Այժմ երկու իշխանություններն էլ պետք է միջազգային հանրությանը ներկայացնեն այս ամենի հակապատկերը։ Իր հերթին, կարծում եմ, որ միջազգային հանրությունն էլ շատ լավ հասկանում է, որ երբ դու պատանդ ես պահվում ահաբեկիչների ձեռքին, նրանց հետ շփումներում կարող ես բարեկիրթ լինել ու փորձել սիրաշահել: Դա գալիս է քո պատանդ լինելուց և կյանքի հանդեպ ունեցած վտանգից, երբ չգիտես, թե հաջորդ վայրկյանին ինչ կարող է լինել»,- ընդգծում է զրուցակիցը:
Վերջինս սխալ է համարում Էլենի հասցեին հնչող քննադատություններն ու մեղադրանքները՝ կրկնելով, որ մեղավոր է ԼՂ իշխանությունը. «Շատ խիստ քննադատելն արդարացում չունի, ամեն դեպքում պետք է հաշվի առնեն աղջկա նեղ դրության մեջ լինելու հանգամանքը։ Օբյեկտիվությունը պետք է պահել և համալիր դիտարկել իրավիճակը։ Պարզապես նա պետք է իր վախը դրսևորեր ոչ թե խոսելով, այլ չխոսելով, լռելով։ Իրենց հարցերով էլ նրանք փորձում էին սադրել, որպեսզի հետո այդ ամբողջն օգտագործեին մեր դեմ»:
Իրավագետը ևս մեկ նկատառում է անում. Ադրբեջանը, աղջկա տեսանյութն ու խոսքը տարածելով, փորձել է ցույց տալ, թե որքան «հանդուրժող» է ինքը, այսպես ասած, ազգային փոքրամասնությունների նկատմամբ, այս պարագայում՝ ԼՂ-ում ապրող հայերի՝ քայլն ուղղելով ՄԱԿ ԱԽ խորհրդի նիստի ժամանակ հնչած հայտարարությունների հակադարձմանը։
«Արձագանքել է իր հասցեին հնչող քննադատական հայտարարություններին, ցանկացել ցույց տալ, թե անցակետը բաց է։ Բայց, կարծում եմ, սա որևէ ազդեցություն չի ունենա միջազգային հարթակներում. մասնավոր դեպքերը չեն կարող ընկալվել որպես ընդհանուր իրավիճակի գնահատական ու նշանակալից դեր ունենալ։ Իսկ այս դեպքից հետո մյուսները պետք է գիտակցեն, որ բոլոր պարագաններում լռելն ամենա ճիշտ որոշումն է։ Ինչպես ասում են, «լռությունը ոսկի արժե»»,- հույս է հայտնում քաղաքագետը: