Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, թե Երևանը դեմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, անհասկանալի է, քանի որ «Զանգեզուրի միջանցքի» մասին ոչ մի խոսք չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:
Այս մասին 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ծավալուն մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել ՌԴ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ոչ մի խոսք չեն պարունակում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների ապաշրջափակման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը իրենց տարածքներում պահպանում են այդ երթուղիների իրավասությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի հիմնական տարածքների ու Նախիջևանի միջև կապի անվտանգությունը, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը»,- նշել է Լավրովը։
Նա հավելել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին տալ այնպիսի կարգավիճակ այդ ճանապարհի հարցում, ինչպիսին Իրանը, «տրամաբանությունից դուրս է»:
«Երկրները, որոնցով անցնում է այդ երթուղին, ամբողջությամբ պահպանում են իրենց ինքնիշխանությունը։ Չեմ կարծում, որ Իրանի հետ երթուղու կարգավիճակի հետ տեղին էր համեմատել»,- հավելել է նա։
