Հայաստանում խաղամոլությունը չարիք է դարձել ոչ միայն ԶՈՒ-ում, այլ ընդհանրապես. Հովհաննիսյան

«Իրականում, եթե մենք ունենայինք կոնկրետ պատկերացումներ և լուծումներ այդ խնդրի լուծման համար, պարզ է, որ հանդես կգայինք օրենսդրական նախաձեռնությամբ»:

Այս մասին այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասաց ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք իշխող մեծամասնությունը չի՞ պատրաստվում բանակում բուքմեյքերական խաղադրույքները արգելող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, և ինչպե՞ս են պատկերացնում այդ արգելքը և հարցի լուծումը:

«Դա լուրջ խնդիր է ամբողջ հանրության շրջանում, բայց և Զինված ուժերում, որը բերում է  հետևանքների, ցավոք, երբեմն՝ ողբերգական, և այդ հարցին պետք է տրվի լուծում: Չեմ կարող ասել՝ արդյոք դրա ճիշտ լուծումը կլինի պատասխանատվության կոնկրետ մեխանիզմի ներդրո՞ւմը, թե՞ գուցե զինծառայողների բանկային քարտերի որոշակի լիմիթավորումը: Դա է պատճառը, որ միայն պատգամավորները չեն կարող հանդես գալ համապատասխան լուծումներով, և գերատեսչությունները պետք է աշխատեն կոնկրետ այս խնդրին լուծում տալու, բալանսավորված լուծում գտնելու համար, և այդ ուղղությամբ քննարկումները սկսվել են: Հենց մենք ունենանք այն բալանսավորված և մեզ ճիշտ թվացող լուծումը, բնականաբար, այդ ուղղությամբ նաև կոնկրետ քայլեր կանենք»,- ասաց Ջուլհակյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նկատեց՝ խաղամոլությունը առհասարակ ՀՀ քաղաքացիների համար դարձել է չարիք, և շատ շատերը իրենց  ընտանեկան, անձնական և աշխատանքային երջանկությունը կորցնում են՝ ընկնելով խաղամոլության ճիրանները:

«ՀՀ տնտեսության մեջ բուքմեյքերական կազմակերպությունների չափաբաժինը եթե նայենք, կհասկանանք, թե ինչ խնդրի հետ գործ ունենք: Մեր քաղաքական թիմի համար խաղամոլության դեմ պայքարը առաջնահերթություն է, այս մասով բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք հեղինակել: Մենք՝ բոլորս միասին, մեր խոսույթով և օրենսդրական փոփոխություններով պետք է պայքարենք խաղամոլության դեմ, քանի որ մարդիկ որոշում են հեշտ ճանապարհով գումար աշխատել և հեշտ ճանապարհով կորցնում են ամեն ինչ»,- ասաց Հովհաննիսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում