Արայիկ Մանուկյանը գրում է․
Գիտեմ, որ լինելու են քարերով խփողներ, տարակուսողներ, դավադրություն փնտրողներ, պիտակավորողներ, թիրախավորողներ (ի՜նչ նոր երևույթներ են, չէ՞ մտել մեր կյանք), գուցեև՝ թիկունքից խփողներ, քանի որ թիվ կա աստղերին, թիվ չկա «հայրենասերներին», բայց ասելու եմ:
Մենք ապրում ենք անհուսորեն խճճված զուգահեռների իրականությունում: Սուտն ու ճշմարտությունը, ազնվությունն ու սրիկայությունը, կեղծիքն ու իսկությունը, երեսպաշտությունն ու կեղծավորությունը այլևս միահյուսված են անբաժանորեն:
Թվում է, թե այս անհույս խճճվածությունը քանդել հնարավոր չէ այլևս: Չգիտեմ, թե ինչը կարող է քանդել այս ստոր հանգույցը:
Եվ ամենասարսափելին, ամենավտանգավորն այն է, որ այս նենգ հանգույցի սպառողը, թիրախը հասարակության ոչ մեդիագրագետ մասն է, որը, ցավոք, արդեն հավասարվում է երկրի բնակչության թվին:
Վտանգի տակ են Մատենադարանի բնագրերը, սկսվել է Մատենադարանի քանդման պրոցեսը, որովհետև այն հայի ինքնության վկայություններից մեկն է, կազմաքանդում են երկիրը, ծվատում են մեր ինքնութենական արժեքները, քանդում են ավանդություն, ժառանգություն, ինքնություն…ու այսպես շարունակ:
Սրանք ու սրանց նման բնութագրումներն ամենուր են՝ «մեդիայում», սոցիալական հարթակներում, խորհրդարանական ճառերում, հեռուստառադիոթերթային հարցազրույցներում, փորձագիտա-վերլուծական ճամարտակություններում:
Օրերը մի քիչ տաքանան՝ կլցվեն նաև հրապարակներ:
Ու այսպես ճառում են մարդիկ, որոնք քսան և ավելի տարիներ հայի ինքնությունը քանդել են իրենց արմենչիկներով, թաթուլներով, եսիմինչերով, իրենց մեծություն ավետբարսեղյաններին Կոմիտասից վեր դնելով, իրենց կավեէնային «մշակույթով», էս բոլորին գիշեր-ցերեկ հեռուստատեսային էկրաններ հանելով:
Հայի ինքնությունը քանդել են իրենց ստեղծած ստորագույն հեռուստատեսային կայսրություններով՝ բոլորին կապելով ճղճիմ սերիալային ինդուստրիային, հայտնի խոհանոցի ասպետի քարոզչամեքենային, մի հիսուն տարի կաշառակերության դասեր են տվել, հետո ծվարել են պետական գերատեսչություններում ու պաթոսային փաթեթավորմամբ զբաղվել աճպարարությամբ, աչքակապությամբ, անպետք գրքեր գրելով ու ուսանողների վրա ծախելով, «հրաշամանուկ» աստղագետներ ընդունել-փառաբանելով:
Այսպես ճառում են մարդիկ, որոնք այս երկրի ինստիտուցիոնալ կազմաքանդման հիմքերն են դրել: Երեսպաշտությունը, քաղաքական շահը, այդ շահի համար հասարակությանը մատների վրա խաղացնելը, ոչ մի բարոյական արգելք չունենալը դարձրել են սկզբունք, ազգային-պետական գաղափարախոսություն:
Մատենադարա՞նն էր հեռուստատեսային էկրաններին այն ժամանակ, երբ այս ճառողները լայնորեն քայլում էին Հայաստան աշխարհով, «Գոյ» թատրո՞նն էր, Թումանյանի տուն թանգարա՞նն էր: Կկարողանա՞ն մի ձեռագրի մասին մի քսան րոպե խոսել, «Գոյ» թատրոնի մի ներկայացման մասին պատմել…
Ուրեմն Մատենադարանի ոչ մի բնագիր վտանգի տակ չէ: Ոչ մի քանդման գործընթաց չկա: Ո՞րն է քանդման գործընթացը, որ մի քանի ամսում 200 միլիոն դրամ է ներգրավվե՞լ ձեռագրական հավաքածուների համալրման, գիտական ու գիտատեխնիկական գործունեության համար, որ 25.000-ով ավելացե՞լ է այցելուների քանակը, որ 7 խոշորագույն ցուցահանդես է կայացե՞լ, որ 20.000 աշակերտ է այցելե՞լ Մատենադարան, որ 23 ձեռագրով համալրվե՞լ է պահոցը, որ նոր գիտական աշխատանքներ են արվե՞լ:
Ո՞րն է իրականությունը՝ կրճատվել է մի բաժին, որը կրկնօրինակում էր ձեռագրերը, որպեսզի այցելուներին ցուցադրվեին ձեռագրերի կրկնօրինակները, քանի որ չկային այդ ձեռագրերը ցուցադրելու ժամանակակից պայմաններ ու չափորոշիչներ:
Իսկ եթե ձեռագրեր ցուցադրելու բոլոր պայմաններն ապահովված են՝ անվտանգություն, լուսաչափում, խոնավություն, չգիտեմ էլ ինչ, ինչո՞ւ պիտի այցելուն վճարի կրկնօրինակ ձեռագիր նայելու համար: Այսինքն վճարենք, որ չգիտեմ՝ 6-րդ դարի ձեռագրի փոխարեն տեսնենք 2023 թվականի կրկնօրինակը՞:
Դարակազմիկ աղմուկ ոչնչից: Իսկ ինչո՞ւ էդ դարակազմիկ աղմուկը չկար, երբ Մատենադարանի՝ Գանձասարում Արցախի մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին անմիջապես ընդունեցին Մատենադարանում աշխատանքի, էնքան էլ վստահ չլինելով, որ նրանց բոլորի ծառայությունն անհրաժեշտ է Մատենադարանին:
Չէ, էս դեպքում չկար դարակազմիկ աղմուկ բարձրացնելու շահը, գուցե չկար նաև վճարը ծառայության դիմաց:
Ի դեպ, էդ կրճատված բաժնի աշխատակիցներն ըստ անհրաժեշտության համագործակցելու են Մատենադարանի հետ ու գուցե շատ ավելի լավ պայմաններով:
Ոչ մեկ չի խոսելու Մատենադարանի ռազմավարական ծրագրերից, չի քննելու դրանք, դրանց լավն ու թերին չի բարձրաձայնելու: Ինտրիգ չկա: Շահ չկա:
Ոչ մեկ չի խոսելու նաև «Գոյ» թատրոնի բուն խնդրի մասին:
Չի խոսելու մեդալի մյուս կողմին նայելով, չի խոսելու անկեղծորեն երևույթին նայելով, չի խոսելու մոտեցումներից, տրամաբանության կռվաններից, որովհետև հայրենասերի դափնիներն այդ դեպքում կթափվեն գետնին, հերոսանալու պատրվակներն ի չիք կդառնան:
Ոչ մեկ չի զարմանալու նաև, թե ինչո՞ւ Արցախի երբեմնի մշակույթի նախարարուհին նշանակվեց Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի տնօրենի պաշտոնում: Եվ չի զարմանալու ոչ թե այն քաղաքական շահարկման կտրվածքով, թե ինչո՞ւ է Արցախի երբեմնի նախարարուհին այս դավաճան իշխանությունների ձեռքից պաշտոն վերցնում, որը նույն երեսպաշտության, սրիկայության, անազնվության ոլորտից է, այլ չի զարմանալու, հիշելով, հարցնելով. իսկ ի՞նչ էր անում Արցախի նախարարուհին Արցախի թանգարանների ցուցանմուշները րոպե առաջ փրկելու, Արցախի թանգարանները ճգնաժամային իրավիճակում կառավարելու համար և ինչո՞ւ էր իր հիմնական գործը թողած՝ ցանց գործում անմենաօրհասական օրերին, և թե ինչո՞ւ պետք է թանգարանի կայացման գործում մեծ ներդրում ունեցող անձը՝ թեկուզ և սխալ գործած, պետք է անմիջապես հեռանա և նրան պետք է փոխարինի մեկը, որը կարծես, թե եկել է նախ Թումանյանին բացահայտելու, եկել է իր մանկության Թումանյանով, որին ծանոթ չենք…
Չի լինելու զարմանալը, որովհետև այստեղ ևս «հայրենասիրությունն» իր դիրքերում է: Ո՞նց կարելի է «կպնել» Արցախի նախարարին, եթե կպնելու մոտիվը քաղաքական շահարկումը չէ:
Կարելի է կարծել, որ երբ այսօրվա ճառողներն Օհան Դուրյանին վռնդում էին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից, քանդում էին թատրոնը՝ կուսակցական խաղեր տալով, մեր ինքնութենական արժեքներն էին պահպանում:
Երբ թույլ չէին տալիս, որ համալսարանակնները հրաժեշտ տան Լևոն Ներսիսյանին ու փակում էին համալսարանի դռները, ավանդույթ ու ինքնություն չէին քանդում, երբ փարթիներ էին արտոնում «Զվարթնոց» տաճարում, ուղղակի սրբորեն պահպանում էին մեր մշակութային ժառանգությունը, երբ բանտ էին նետում ամենակայացած կրթական օջախի տնօրենին, մեր սուրբ դպրոցն էին նորոգում, մեր ինքնութենականության խորքերն էին ամրացնում, երբ ամենամշակութային շենքը մեջ-մեջ էին անում ու սրճարաններ դնում, մեր մշակութային ժառանգության պահպանությունն էին ցեմենտում:
Այսքան խորքային հիվանդնե՞ր հիշողության կորուստ ախտորոշմամբ: Այսքան ամբարտավանությո՞ւն, այսքան ճղճիմությո՞ւն: Այսքան կուրությո՞ւն, որ չհասկանան, թե ինչո՞ւ է հանդուրժվում այս իշխանությունը, որի տխմարությունը, անկեղծ ասած, իրենցինին զիջում է մի բանով, իրենցը համակարգային էր՝, սրանցը՝ դեռ դրվագային:
Ու ցավալիորեն, ամեն ինչը ընդդեմ է, ոչ թե հանուն:
Ու ցավալիորեն, այս ամենի մեջ Հայաստանը չկա, հայի ինքնությունը չկա, մշակույթը, ժառանգությունը չկա, էդ ինքնութեականությունը չկա:
Կա ստոր շահարկում հանուն կոնկրետ շահի: Կա կեղծիք: Կա շրջված իրականություն և վերջ:

