Հակոբ Բադալյանը գրում է․
Տարիների ընթացքում Հայաստանի վրա հիմնարար ներգործություններից մեկը, որ արվել է՝ հասարակական մտածողությունը «անձնավորելն» է:
Հետագայում, տեղեկատվական նոր հնարավորությունները եւ մասնավորապես սոցցանցային հարթակները տվել են այդ հանգամանքը խորացնելու, Հայաստանի հանրային օրգանիզմը աղավաղելու գործում դրա ազդեցությունն առավել մեծացնելու հնարավորություն:
Ցանկացած երեւույթի մեջ հանրային «հայացքը» փնտրում է ինչ որ անձի կամ «միավորի»: Ավելին, դա գուցե այսպես ասած առաջին՝ «նախատեխնոլոգիական» փուլում էր: Տեխնոլոգիական «փուլում» արդեն անձեր կամ միավորներ փնտրվում են ոչ թե ինչ որ երեւույթի մեջ, այլ ամեն ինչից անկախ եւ «գտնվածի» շուրջ են արդեն կառուցվում «երեւույթները», ըստ ճաշակի, հայեցողության, քաղաքական կամ ֆինանսական նպատակահարմարության, եւ կամ՝ բոլորը միասին:
Այդպես են հասարակությունից ստանում «ֆան-ակումբներ»: Ես ամենեւին կողմնակից չեմ հանրային միատարության, բայց շատ էական է, թե ինչ բովանդակություն եւ ուղենշային հատկանիշներ ունի այդ բազմազանությունը: Այստեղ է, որ Հայաստանի հանրության բազմազանության «կազմակերպական» ձեւը դարձրել են «ֆան-ակումբը»:
Ի՞նչ է «ֆան-ակումբը»: Սպորտում այն բնականաբար օրինաչափ, այսպես ասած իր միջավայրում գտնվող օբյեկտիվ երեւույթ է: Բայց, հանրային կյանքում այն դառնում է քայքայիչ, որովհետեւ «ֆան-ակումբը» իր էությամբ չի ենթադրում որեւէ այլ կոմունիկացիայի խնդիր, հակառակն այդ տիրույթում բացառություն է, ոչ թե օրինաչափություն:
Մինչդեռ, հանրային օրգանիզմի հարցում կոմունիկացիայի խնդիրը գործնականում պետք է հավասարազոր լինի ինքնապաշտպանական բնազդին: Այսինքն, բազմազանությամբ հանդերձ, հասարակական տարբեր բջիջները այդուհանդերձ նվազագույն մի մակարդակում պետք է ունենան փոխադարձ կոմունիկացիայի օբյեկտիվ ձգտում, պահանջ: Երբ հանրային այդ բազմազանության, տարբերությունների հանգամանքը հասցվում է «ֆան-ակումբի» ձեւաչափի, նշանակում է, որ գործնականում չեզոքացվում է հանրության ինքնապաշտպանության բնազդը կամ զգացումը, որից հետո արդեն անցումը «ինքնաոչնչացման» ռեժիմի՝ նույնիսկ ոչ թե տեխնոլոգիայի, այլ «տեխնիկայի» հարց է:
