2023 թվականի դեկտեմբերի 19-ին Սևանա լճի Նորատուս գյուղի հատվածում տեղի ունեցած խուլիգանության գործով ևս 4 հոգի դատարանի որոշմամբ կալանավորվել է։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նորատուսի դեպքով 4 անձանց նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, բոլորի վերաբերյալ էլ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել, որոնք բավարարվել են դատարանի որոշմամբ»,-նշեց նա։
Հիշեցնենք՝ Նորատուսի գործով ավելի վաղ մեկ անձ մեկ ամսով կալանավորվել էր։
ՀՀ Գլխավոր դատախազն այս տարվա հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար:
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է համապատասխանաբար Քրեական օրենսգրքի 253-րդ (Կողոպուտ) հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 297-րդ (Խուլիգանություն) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
2023 թվականի դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանական հատուկ օպերացիա էր իրականացվել, որի շրջանակներում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու համար բերման էր ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացի, որոնց մեծ մասը նորատուսցիներ:
Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել հրկիզել նրանց և նավերը, վերջիններիս ուղղությամբ նետել բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել:
