Կեղծ ակտիվիզմով և ֆիքստուլ պետականապաշտությամբ ոչ մի խնդիր էլ չենք լուծելու

Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ փոխարինելը գիտական, մշակութային և քաղաքական տեսանկյունից զրո արժեք ունեցող դատարկաբանություն է։ Գաղափարը 2000-անների և 2010-ականների կեղծ ակտիվիզմի և ֆիքստուլ առաջադիմության հետևանքն է։
Մասնագետներն արդեն իսկ հասցրել են շեշտադրել այն պարզ ճշմարտությունը, որ Հայոցը հավասարապես վերաբերվում է և Հայքին և հայերին՝ ներառելով թեմայի բոլոր հնարավոր բաղադրիչները՝ վարչաքաղաքական, աշխարհագրական, քաղաքական, էթնոկրոնական և մշակութային։
Առարկայի Հայաստանի պատմություն անվանումը ընդամենը կեղծ պետականամետության և տրաֆարետային պետականապաշտության տրամաբանական շարունակությունն է։
Բնականաբար այս վուլգար ձևապաշտությունը մեծ խնդիրներ է առաջացնելու։ Առաջին հերթին տրամաբանական հարց է ծառանում․ Ո՞ր Հայաստանը։ Այն, որ 600-700 տարի գոյություն չի ունեցե՞լ։
Այն Հայաստանի՞, որի վերստեղծման գաղափարը ծագել է հեռավոր գաղթօջախներում՝ Մադրասում և Սուրբ Ղազարում։
Տաճկահայաստա՞նը, Պարսկահա՞յքը, Արևելյան Հայաստա՞նը։
Մեծ Հա՞յքը, թե՝ Փոքր Հայքը։ Թե՞ Կիլիկիան Հայաստանը, որին օտար աղբյուրները հաճախ Փոքր Հայք ու պարզապես Հայաստան են անվանել։
Իսկ Խաղաղ օվկիանոսից մինչև Պորտուգալիա սփռված հայ առևտրականությո՞ւնը, որը մեծ հաշվով ինտերնացիոնալ էր ու անհայրենիք։
Հայոց պատմությունը յուրօրինակ և ինքնատիպ առարկա է։ Հնարավոր չէ այն դիտարկել այլ պետության պատմության տրամաբանությամբ։
Մենք չենք կարող մեր իրականությունում Ֆրանսիայի պատմություն ստեղծել, որը երբևէ չի ընդհատվել։
Մենք կարիք չունենք նաև Իրանի կամ էլ Վրաստանի նմանությամբ շեշտադրել պետականությունը՝ քողարկելով բազմաէթնիկության համակարգային խնդիրը։
Բայց մենք չենք էլ կարող առաջնորդվել մեկ ազգ և մեկ մշակույթ քայքայիչ տրամաբանությամբ, քանի որ մեկ ազգը կազմված է հարյուրավոր մշակութային շերտերից։
Մի խոսքով կեղծ ակտիվիզմով և ֆիքստուլ պետականապաշտությամբ ոչ մի խնդիր էլ չենք լուծելու։
Կիսվել սոց․ ցանցերում