Կյանքն իմ առջևում է, Տեր,
հրապուրիչ պտուղի նման,
բայց հաճախ կյանքն ինձ վախեցնում է,
որովհետև նրա պտուղները քաղելու համար
հարկավոր է դուրս գալ տնից,
քայլել Ճանապարհի երկայնքին,
քայլել, քայլել տակավին,
բայց ճանապարհների երկայնքին, որոնք լի են դարձվածքներով,
և հնարավորություն չեն տալիս մեր առջևում նկատելու
ո՛չ տեսարանը, որ սպասում է մեզ,
ո՛չ ծածուկ խոչընդոտը,
ո՛չ դեպի մեզ երկարող ձեռքերը,
կամ դեմքերը, որ ուրիշ կողմ են դառնում։
Ճանապարհ ընկնել, մեկնել, ո՜վ Տեր,
խանդավառող արկածախնդրություն է:
Կյանքի կամքն ու փափաքն ունեմ …
բայց, հաճախ, վախն ունեմ:
Վախն ունեմ մտնելու, վաղը, այն հսկայական շինհրապարակից ներս,
ուր քրտինք է թափում աշխարհը կառուցողների բազմությունը:
Մի տեղ կգտնե՞մ այնտեղ:
Բազմաթի՜վ նոր ձեռքեր մնում են անգործ
ու բազմաթի՜վ ընդունակ ուղեղներ
սպասում են աշխատելու:
Վախն ունեմ այս խորհրդավոր աշխարհի,
որ հմայում է ինձ և սարսափեցնում է ինձ,
որովհետև լսում եմ ծիծաղի պոռթկումները
և տեսնում եմ հաճույքները,
որ հեռվից աչքով են անում,
բայց լսում եմ նաև
մարդկային տառապանքների անծայրածիր գոչյունը
և այդ աղաղակները տհաճ են ինձ,
որովհետև դրանք լռեցնել ես չեմ կարող:
Վախենում եմ այս սիրուց,
որ արշալույսի կենսուրախության մեջ
նույնքան, որքան գիշերվա դատարկության մեջ
իմ ամբողջ էությամբ փափաքում եմ:
Խորհրդավոր ուժ, որ տարածվում է ամբողջ սրտովս մեկ
և այնտեղից առատորեն հեղվում է մարմնիցս դուրս:
Մտահալած փափաք, երբ երկարում են օրերը,
վերջապես հանդիպելու մի դեմքի,
մի դեմք, որ ճանաչեմ և որ ճանաչի ինձ
որպես միակ փնտրվածը:
Ծարավ՝ շոյելու այդ դեմքն իմ հայացքով,
քնքշությամբ ձեռքերիս ափերի մեջ ամփոփելու,
մի պահ հետո իր շուրթերը համտեսելու
և իմ շուրթերը համտեսել տալու համար:
Արդեն իսկ ծարավ, որ մեր այս սերը
մի օր դառնա մարմին,
ու արձակի մի ճիչ,
ճիչը նորածին կյանքի,
երբ սերը տալիս է իր պտուղը:
Ես փափաքում եմ, բայց վախենում եմ, Տեր:
Բազմաթի՜վ սերեր ձախողվեցին աչքիս առաջ,
երջանկության խաբկանքներ,
օճառի պղպջակներ, որ պայթում են:
Դժվարությամբ հառաջ քայլող բազմաթի՜վ սերեր,
շարունակ վտանգի մատնված:
Ընկերներիս բազմաթի՜վ զույգեր,
որ կարծում էին իրենց ընդմիշտ միացած,
բայց այսքա՜ն շուտով միմյանցից հեռացան:
Այո՛, վախն ունեմ, Տեր,
և քաջությունն ունեմ ընդունելու սա,
և քաջությունն ունեմ Քեզ պատմելու:
Եվ եթե այսօր փակում եմ աչքերս,
առջևս ընկած ճանապարհին Դիտել մերժելու համար չէ,
այլ՝ հանդիպելու համար Քեզ, աղոթելու համար Քեզ,
որովհետև կյանքի փափաքն ունեմ, Տեր,
փափաքն ունեմ, և վստահում եմ Քեզ:
Ա՜հ, Աստված իմ,
այնպես արա, որ ես երբեք չմոռանամ
երախտագիտությունս հայտնել Քեզ կյանքիս համար:
Որովհետև կյանքը Քոնն է,
Դու Հայրն ես և Հայրն ես ամբողջ կյանքի,
Դու կամեցար ինձ իբրև որդի,
որդի, որ ծնվել է Բերկրանքի համար:
Տուր ինձ մարդ լինելու պարծանքը,
ոտքի կանգնած մարդ, ինչպես որ Դու կամենում ես,
որ Քեզնից ընդունում է հրաշալի առաքելությունը՝
ինքնուրույն կազմավորվելու,
վեր խոյանալու, աճելու,
արժեքներով հարուստ և ազատ քայլելու համար
այս ճանապարհով, որ իմ առջևում է:
Պարգևիր ինձ շնորհն՝ ընդունելու կյանքը
ամբողջ սրտով, բազուկներիս ամբողջ կարողությամբ,
որովհետև ծնողներս կյանքն ավանդեցին ինձ սիրով,
նույնիսկ եթե դա սեր էր թերևս տկար ու դյուրաբեկ,
և ես պատասխանատու եմ այս կյանքի համար,
որովհետև այն ինձ պարգևել են:
Օգնիր ինձ երբեք չմսխել կյանքս,
կյանքը մարմնի, որ աճում է,
և հոգու, որ ցրվում է:
Եվ որպեսզի չհափշտակեմ կյանքն ուրիշների,
այլ միմիայն ընդունեմ, փարվեմ,
երբ ուրիշներն այն նվիրում են ինձ:
Եվ որպեսզի այն փակ չպահեմ սրտիցս ներս,
փոխանակ նվիրելու մերձավորներիս, որոնք զուրկ են նրանից,
քանի դեռ այն չեմ կիսում նրանց հետ:
Հեղիր իմ մեջ Քեզ մշտապես փնտրելու փափաքը,
Քեզ հանդիպելու, Քեզ ճանաչելու և Քեզ սիրելու համար,
և Քո հետ դառնալու համար այն մտերիմ ընկերը, որ Դու փափաքում ես,
ընդունելով Քո Կյանքը իմ կյանքի մեջ,
որպեսզի իմ ծաղիկներն ու իմ պտուղները
լինեն նաև Քոնը, իմը լինելուց բացի:
Օգնիր ինձ քայլել առանց ցանկանալու իմանալ,
թե յուրաքանչյուր դարձվածքի ետևում
ի՛նչ է ինձ վերապահում Ճանապարհը.
ո՛չ թե միտքս ամպերի մեջ,
այլ՝ ոտքերս գետնին ամուր դրած,
իսկ ձեռքս՝ Քո ձեռքին տված:
Այսպես, Տեր, տնից դուրս կգամ վստահ ու զուարթ
և անվախ կընթանամ անհայտ Ճանապարհով,
որովհետև կյանքն իմ առջևում է,
բայց Դու իմ հետ ես քայլում:
