Հունվարի 23-ը հոգևոր երգիչ, մանկավարժ, շարականագետ, ծիսագետ, բանասեր, գրաբարի մասնագետ Խորեն Պալյանի (1935-2007) հիշատակի օրն է

Հունվարի 23-ը հոգևոր երգիչ, մանկավարժ, շարականագետ, ծիսագետ, բանասեր, գրաբարի մասնագետ Խորեն Պալյանի (1935-2007) հիշատակի օրն է։
Նա ավարտել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանը։ 1955 թվականի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ և 1961 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1962 թվականին Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ և ստացել վարդապետական չորս աստիճաններ։ Սուրբ Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։
1965 թվականին թողել է հոգևոր ասպարեզը և ամուսնացել հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի հետ։ 1965-1968 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, եղել է հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս, դասավանդել լեզվի պատմություն և գրաբար, 1995-2005 թթ՝ աստվածաբանության ֆակուլտետում՝ ծիսագիտություն, վարքաբանություն։ 15 տարի ղեկավարել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի «Հայ տոհմիկ» երգչախումբը, որը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանի տարբեր շրջաններում և Արցախում։
Մանկավարժական և հասարակական գործունեությանը զուգահեռ հեղինակել է երաժշտագիտական, բանասիրական, եկեղեցագիտական բազմաթիվ հոդվածներ։ Ունի նաև բազմաթիվ հոդվածներ Հայկական սովետական հանրագիտարանումշ, Մանկական Քրիստոնեական Հանրագիտարանի համահեղինակներից է։ Տարբեր տարիներին վարել է նաև «Զրույցներ գրաբարի մասին», «Խորհուրդ խորին» և այլ հեռուստատեսային հաղորդաշարեր։ 1996-ից 2005 թվականներին վարել է «Արևագալ» երաժշտական-հոգևոր ամենշաբաթյա հաղորդաշարը։
Կիսվել սոց․ ցանցերում