ԱՄՆ-ում Կոլորադոյից մի ընտանիք տուն է գնել և սառցախցիկում հայտնաբերել մարդու գլուխ, որը թողել են նախորդ բնակիչները։ Այս մասին գրում է The New York Post-ը։
Ամեն ինչ տեղի է ունեցել Գրանդ Ջանկըն քաղաքում հունվարի 12-ին: Տան տերերը տուն տեղափոխվելուց հետո ընդհանուր մաքրություն և զննում են արել, որպեսզի հետո վաճառեն նախկին բնակիչների թողած իրերը, որոնք իրենց այլևս պետք չեն։ Տան բակում սառցարան է եղել։ Ինչպես պատմել է բնակիչների հարևանը, նրանք խցիկը մաքրելիս են եղել, երբ հանկարծ ներսում սև պայուսակ են տեսել։ Երբ բացել են, մարդու գլուխն ընկել է։
Մյուս հարևանները լրագրողներին պատմել են, որ տանը մի տարեց կին է ապրել իր որդու հետ։ Զույգը գրեթե չի շփվել որևէ մեկի հետ և տեղափոխվել է շենքը վաճառելու գործարքի կնքման օրը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն մանրամասներ դեռ չեն հայտնում։ Այդուհանդերձ, շերիֆի գրասենյակից հայտնել են, որ տարածքի մյուս բնակիչներին վտանգ չի սպառնում:
