Այս՝ տնտեսության արդիականացման ծրագիրը, որն ուղղված է մեր ընկերությունների արտադրողականությունը բարձրացնելուն նախարարության և Կառավարության գլխավոր տնտեսական ծրագրերից մեկն է:
Այս մասին Կառավարության նիստում «ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ծրագրի 1,5 տարվա աշխատանքից հետո ունենք ավելի քան 3590 ընկերություն, որոնք օգտվել են այս ծրագրից և թարմացրել են իրենց սարքավորումները, հոսքագծերը, գործարանները, տեխնիկան:
Ծրագրի՝ աշխատանքի արտադրողականությանն ուղղված մյուս բաղադրիչը ուղղված է օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներգրավմանը և այս պահի դրությամբ ունենք 28 ընկերություն և 367 մասնագետ: Հիշեցնեմ, որ այս ծրագրի ներքո մենք սուբսիդավորում ենք 3 տարվա աշխատավարձի 20, 50 կամ 70 տոկոսը»,- ասաց Քերոբյանը և հավելեց, որ այժմ ավելացրել են երրորդ բաղադրիչը.
«Որն ուղղված է ընկերությունների թվայնացմանը: Այսօր ՀՀ-ում ընկերությունների 90 տոկոսից ավելին թվային առումով հասուն չի, և մենք այս գործիքով փորձում ենք ընկերություններին օգնել դառնալ թվային. մենք առաջին հերթին տրամադրում ենք խորհրդատվության համար սուբսիդավորվող վարկ: Երկրորդը՝ բուն թվայնացման պրոցեսի համար սուբսիդավորում ենք թվայնացման ներդրումները և երրորդը, որ ամենահետաքրքիրն է, հաջողության պարագայում մենք իրենց խորհրդատվության համար տրամադրված գումարի՝ վարկի կեսը դրամաշնորհի տեսքով հետ ենք փոխանցում»:
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ սա տնտեսության արդիականացման ծրագիրն է, ժողովրդի լեզվով ասած՝ լիզինգի ծրագիրը, որը մենք կայացրինք քովիդի շրջանում, երբ որ տնտեսությունը կանգնել էր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
