Արիաննա Հովսեփյանի մեքենայի հրկիզման մասին ֆեյսբուքյան գրառում կատարած անձը ներկայացել է ՔԿ

Հունվարի 25-ի գիշերը Արիաննա Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայի առերևույթ հրկիզման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (հոգեկան ներգործությունը) և 264-րդ հոդվածի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով։

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Խիստ նախնական և դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝ ավտոմեքենայի հրկիզումը Արիաննա Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ առերևույթ կապ չունի։ Վերջինս վարույթի շրջանակներում ճանաչվել է տուժող։

Վարույթն իրականացնող մարմին է ներկայացել ավտոմեքենայի հրկիզման վերաբերյալ ֆեյսբուքյան հայտնի գրառումը կատարած անձնավորությունը, որի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ»,- ասված է գրառման մեջ։

Նշենք, որ Մարտին Ամիրղանյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ինքն է հրկիզել Արիաննա Հովսեփյանի ավտոմեքենան։

«Ուզում եմ բոլորիդ ասեմ, որ Արիանայի մեքենայի վնաս տվողը ես եմ։ Ես ունեմ իմ անձնական պատճառը, որը որ դեռ հանրային խոսելը նպատակահարմար չեմ գտնում։ Մնացած բացատրություները կտամ ոստիկանությունում, որովհետև ես չեմ սիրում փախեփախ անել,  դա իմը չի, ու ես ինքս գնում եմ ինքնակամ ներկայանալու։ Հարգանքներս բոլորիդ»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում