Պաշտոնական Բաքուն մտադիր է համարժեք արձագանքել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում Ադրբեջանի մասնակցության ավարտը Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում, Բաքվի դիրքորոշումն այլ է։ Բաքուն դիտարկում է ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը:
Հիշեցնենք՝ երեկ՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն իր հերթին հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե իրենց լիազորությունների մերժումը լուրջ հարված կլինի Եվրախորհրդի հեղինակությանը և անկողմնակալությանը և դրա անդառնալի հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու են գործընթացը նախաձեռնողները:
