Նոր սարքեր՝ հին հենասյուներին՝ տնավարի լուծումներով. ինչպես են սուբվենցիոն ծրագրով լուսացույցներ տեղադրվում Գյումրիում

Գյումրիում շարունակվում են սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված լուսացույցների տեղադրման աշխատանքները: Քաղաքի ամենաբանուկ հատվածում՝ Շահումյան փողոցում, հետիոտնի համար կանչի հնարավորությամբ տեղադրված նոր լուսացույցներն ունեն ինքնատիպ լուծումներ:

Դրանք տեղադրվել են տարածքում առկա հին հենասյուների վրա, իսկ կանչի կոճակը երկաթե սյունին ամրացվել է հնարավորինս անվստահելի: Քաղաքացիներից շատերը, հատկապես ձյան և ձնախառն անձրևի ժամանակ խուսափում են դրանց ձեռք տալ:

Արդյո՞ք սուբվենցիոն ծրագիրը նախատեսում էր այս լուծումը՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին, Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն ասաց՝ դրանք ժամանակավոր են դրվել:

«Դա ժամանակավոր է դրված, որպեսզի կարողանայինք էս պահին հարցը կարգավորել, հետագայում նոր հենասյուն կլինի: Հիմա անհրաժեշտ էր, որ ունենայինք այդ լուսացույցը»,- ասաց Ջանոյանը:

 

Այլ խնդիր է առկա Շիրազի փողոցում դեռ սեպտեմբերին տեղադրված լուսացույցի հետ կապված: Էլեկտրական հոսանք մատակարարող լարն ամրացվել է տարածքի շենքերից մեկի գազի խողովակից և անցնում է բակով՝ բոլորին հասանելի բարձրությամբ:

Անվտանգության նկատառումներից ելնելով խնդիրը մի քանի անգամ ներկայացվել է պատասխանատուին, մինչ օրս, սակայն 4 և ավել ամիս անց, հարցը չի կարգավորվել: Այնուհանդերձ, Ջանոյանը նշում է՝ ամենօրյա աշխատանք է տարվում, թերությունները վերացվում են:

«Տեղյակ եմ, հարցը մոտակա օրերը լուծում կստանա, տոներ էին առջևում: Միանշանակ բնակկոմունալը համարյա թե ամենօրյա ռեժիմով հետևողական է: Բնական է, կան թերություններ, որոնք վերացվում են: Երաշխիքի մեջ է, եթե հարցեր կլինեն, կապալառու կազմակերպությունը պատասխանատվություն ունի, իր պարտավորությունն է վերացնել»:

Նշենք, որ այս աշխատանքները Սուրեն Ջանոյանի պատասխանատվության տակ են եղել մինչ փոխքաղաքապետ դառնալը, երբ վերջինս հանդիսանում էր համայնքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի պաշտոնակատարը:

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել լուսացույցների 16 կոմպլեկտ, որոնց թվում նաև հետիոտնային անցումների համար նախատեսված: Դրանք տեղադրվել են քաղաքի տարբեր հատվածներում։

 

Կիսվել սոց․ ցանցերում