Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը hունվարի 25-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Կոստաս Ֆրանգոյանիսի հետ:
Այս մասին հայտնում են դեսպանությունից:
ՀՀ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը, անդրադարձ է եղել փոխադարձության և հավասար իրավազորության սկզբունքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն առաջիկայում Երևանում հյուրընկալելու հարցին:
Երկուստեք ընդգծվել է հայ-հունական տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու նշանակությունը՝ որպես ավանդական բարեկամական երկկողմ հարաբերությունների կարևոր հիմք: Կարևորվել է գործարար շրջանակների միջև կապերի ինտենսիվացումը, ինչի ուղղությամբ առաջիկայում նոր քայլեր են նախատեսվում:
