Միախառնվել են հպարտությունս և ծնողական հուզմունքս. Շիրակի մարզպետը նորակոչիկների նոր խմբի հետ ճանապարհեց նաև որդուն

Շիրակցի նորակոչիկների նոր խումբն այսօր համալրեց Հայոց բանակի շարքերը: Զինծառայության մեկնող տղաները նախ օրհնություն ստացան Գյումրու սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, և հենց եկեղեցու բակից էլ ծնողների ու հարազատների օրհնությամբ, ընկեր-ընկերուհիների ոգևորիչ խոսքերի ուղեկցությամբ բարձրացան իրենց սպասող ավտոբուսը:

Նրանց ճանապարհելիս Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշեց՝ հայրենիքի առաջ պարտքի գիտակցումն այսուհետ պետք է լինի առաջնային, քանզի իրենցից է այժմ կախված մեր սահմանների պաշտպանությունն ու ընտանիքների խաղաղությունը:

«Այսօրը որքան պարտավորեցնող, նույնքան պատասխանատու օր է ոչ միայն ձեզ՝ այլև ինձ համար։ Իմ հոգում միախառնվել են հպարտության վեհ զգացումն ու ծնողական հուզմունքը, քանի որ ձեզ հետ Հայոց բանակ եմ ճանապարհում իմ որդուն։

Տղանե՛ր, դուք գնում եք փոխարինելու մեր հայրենիքի զինված ուժերում պարտքը կատարած ձեր ավագ ընկերներին։ Գիտակցեք, որ պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ձեր ծառայության ժամանակ ոչ մի վայրկյան չկորցնեք զգոնությունն ու սթափությունը, մի՛շտ եղեք ձեր սպաների ու ծառայակից ընկերների կողքին։

 

Հայրական օրհնանք հղելուց զատ, ուզում եմ միշտ հիշեք՝ զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու համար մի փորձություն է, հայրենիքի ու հայրենի հողի անառիկության համար ծառայելն իսկապես պատվաբեր ու անչափ կարևոր է։ Տոկունություն, կամք եմ մաղթում ձեզ, իսկ մեր բոլոր զորակոչիկների ծնողներին ու հարազատներին, որոնց թվում և ես եմ՝ համբերություն։

Թող հպարտության զգացումին երկչոտություն երբեք չխառնվի, մենք ուժեղ ենք ու վստահ եմ՝ երկու տարի անց մեր որդիներին պետք է դիմավորենք առավել մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ»,- զինծառայության մեկնողներին ասաց Շիրակի մարզպետը՝ մաղթելով անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։

Կիսվել սոց․ ցանցերում