Ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ են աչքովս ընկնում, որտեղ մտավորական համարվող տարբեր անձինք խոսում, դատողություններ են անում ազատության եւ ստրկության, մտավորականի դերի եւ առաքելության եւ նման վեհ բաների մասին

Թագուհի Հակոբյանը գրում է․

Ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ են աչքովս ընկնում, որտեղ մտավորական համարվող տարբեր անձինք խոսում, դատողություններ են անում ազատության եւ ստրկության, մտավորականի դերի եւ առաքելության եւ նման վեհ բաների մասին: Մեծ է գայթակղությունը` հարցնելու, թե ո?ւր էին այդ մարդիկ, երբ, չնայած պատկառելի տարիքին, Մաեստրո Օհան Դուրյանը կանգնեց ժողովրդի կողքին մինչեւ վերջ, պայքարեց այն բոլոր վայրագությունների դեմ, որոնք խժռում էին մեր պետականությունը, ո?ւր էին նրանք, երբ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանը 2004թ. ապրիլի 12-ի գիշերվա ասպատակությունից հետո Ռոբերտ Քոչարյանին վերադարձրեց իր պարգեւներն ու շքանշանները եւ գրեց իր հանրահայտ բանաստեղծությունը: Վերջերս լրացավ Սիլվա Կապուտիկյանի 105-ամյակը. արդյո?ք ազատության եւ ստրկության մասին դատողություններ անող այդ մարդիկ հիշել եւ արտասանել են այդ բանաստեղծությունը: Շատ չեմ ուզում ծավալվել եւ հիշել մեկ առ մեկ բոլոր այն իրադարձությունները, որոնց ժամանակ նրանց խոսքը, ձայնը երբեւէ չենք լսել: Մտավորականը, որքան գիտեմ, պետք է մտքի, գաղափարի կրողը լինի եւ ճգնաժամային իրավիճակներում լուծումներ առաջարկի, ոչ թե զբաղվի պարզունակ հայհոյանքով, երբ ինչ-որ հրաշքով հանկարծ իրեն ստրկական վիճակից ազատագրված է զգում: Ցավոք, դա չեմ տեսնում հանկարծահաս ազատության համը տեսած այդ անձանց դեպքում:

Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում,
Եվ իմ չմեռնելը տևելու է երկար,
Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում,
Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա:

Դուք, փոքր ու մեծ տերեր, այրեր դուք ապիկար,
Առաջնորդներ չնչին ու կեսկատար,
Ստոր ձեր տեսակին ստորոտն էր հարմար,
Դուք եղծությամբ, ստով հասաք կատար:

Մտքի ընտրյալներին դուք դարձրիք ծառա
Ու դարձրիք պատանդ, հլու ընտրազանգված,
Մի պարկ փուտ ալյուրով մարդկանց խիղճը առաք,
Դուք` փչացած վաղուց` փչացրեցիք նրանց:

Ու լլկեցիք հոգին ու փշրեցիք նորից
88-ի հրաշք ժողովրդին.
Ստիպեցիք լքել հայրենիքը, որին
Արյուն էին տվել, կյանք ու որդի:

Իսկ նա, որ ստրուկին ճզմեց իր մեջ, ելա՛վ,
Հանուն պատվի, պարտքի եկավ հրապարակ,
Զորքով, փշալարով շուրջկալեցիք նրան
Ու ջանացիք ջարդել ոտքերի տակ…

Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն,
Ցեխերի մեջ ընկած մագաղաթյա մատյան,
Կախաղանի սյունից կախված անկախություն,
Մեր լույս երազների խավարակուռ պատյան:

Ես ի՞նչ, ի՞նչ խոսքերով նզովք կարդամ ու սաստ,
Ձեզ, որ խուժդուժ կարգերն այս երկնեցիք,
Ուր դուք դարձաք հեծյալ, ժողովուրդը` գրաստ,
Օտարի դուռն ընկած մի մուրացիկ:

Եվ ես հայ բանաստեղծ, ի՞նչ սև բախտի հասա,
Որ նզովքի խոսք եմ ասում… հային.
Հզոր ճախրից հետո այս անկումը տեսա
Եվ ապրեցի օրերն այս դիվային:

Ո՛չ, չեմ ապրում արդե՛ն ու ես չեմ էլ մեռնում,
Իսկ թե — անեծք վերին — մնաք ինձնից երկար,
Մե՛կ է, ո՛ւր էլ հանգչեմ, ո՛ր մի գերեզմանում,
Ես ձեր դատաստանին լինելու եմ ներկա…

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Կիսվել սոց․ ցանցերում