Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Նրանք կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Քննարկվել են նաև այսօր կայանալիք Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին, երկկողմ քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցեր:
«Կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ռազմավարական բնույթը և վստահություն հայտնել, որ այսօր կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստը նոր ազդակ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը բոլոր ոլորտներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։
