Մեկ ամսում Երևանի քաղաքապետարանի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման ծառայության միջոցով մուտքագրվել է 1115 դիմում-ահազանգ, որից լուծում է տրվել 814-ին, ընթացքի մեջ է 118-ը։
Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Նշվեց, որ ուշացումով կատարվել են 115 դիմում-ահազանգերը, որոնց գերակշռող մասը կազմել են «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին մակագրված դիմումները: Պատասխան գրությունները կցված, սակայն փաստացի աշխատանքները չեն կատարվել 55 դիմում-ահազանգի դեպքում, որոնց հիմնական մասը վերաբերել է կոմունալ տնտեսության և շինբարեկարգման բնագավառներին։
Եղանակային պայմաններից ելնելով՝ այս պահին փոսալցման աշխատանքներ չեն իրականացվում, այդ հարցը մնում է վերահսկողությունից դուրս։
Մանրամասն ուսումնասիրվել է թեժ գիծ ծառայություն մուտքագրված 13 գործ, և առաջարկվել է կիրառել ծառայողական տույժ ծառայողական պարտականությունները չկատարելու կամ թերի կատարելու համար։
Քաղաքապետն էլ նշեց․ «Պետք է արձանագրել՝ խնդիրներ կան փոսալցման աշխատանքների հետ կապված, կոմունալ տնտեսությանը վերաբերվող հարցերը կարող են կոմունալ խնդիրներին վերաբերել, որի մասով բազմաթիվ խնդիրներ կան Երևան քաղաքում, կոմպլեքս լուծումներ ենք քննարկում Կառավարության գործընկերների հետ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
