Ի՞նչ է փոխվելու Վրաստանում, վարչապետական այս փոխատեղումից

Հակոբ Բադալյանը գրում է․

Վրաստանում տեղի է ունենում վարչապետի փոփոխություն, իսկ ավելի կոնկրետ՝ փոխատեղում: Վրացական երազանքի նախագահ Կոբախիձեն դառնում է վարչապետ, իսկ Ղարիբաշվիլին գնում է Վրացական երազանքի նախագահ:
Կասկած չունեմ, որ սա ակտիվ քաղաքականություն վերադարձած Բիձինա Իվանիշվիլու այսպես ասած առաջին որոշումն է:
Իսկ ակտիվ քաղաքականություն վերադառնալու որոշումը, որի մասին Իվանիշվիլին հայտարարեց նախորդ տարեվերջին, նա բացատրեց մարտահրավերների ուժգնացմամբ: Իվանիշվիլին ակտիվ քաղաքականություն է վերադարձել Վրացական երազանքի Պատվավոր նախագահի կարգավիճակով, որը սահմանեցին հենց հատուկ դրա համար:
Ի՞նչ է փոխվելու Վրաստանում, վարչապետական այս փոխատեղումից: Այս քայլն անշուշտ մի զգալի մասով միտված է ներթիմային հարաբերություններ կառավարելուն:: Միեւնույն ժամանակ, որքան հասցրել եմ հետեւել, Կոբախիձեն իր նախկին կարգավիճակում աչքի էր ընկնում Վրաստանի հանդեպ արեւմտյան դիտողությունների նկատմամբ ավելի սուր եւ կոշտ պատասխաններով, ի տարբերություն գործադիր իշխանության ներկայացուցիչների: Հնարավոր է, որ դա դերերի բաշխում էր եւ հիմա կարող են փոխվել թե տեղերով, թե դերերով: Բայց, հնարավոր է նաեւ, որ Իվանիշվիլին որոշել է սահուն կերպով բարձրացնել «գինը» Եվրոպայի համար՝ Եվրամիությունից անդամության կարգավիճակ ստանալուց հետո, հաշվելով թերեւս նաեւ այն, որ աշխարհաքաղաքական պայքարում բարձրանում է Վրաստանի «գինը»:
Կիսվել սոց․ ցանցերում