Արմավիրի մարզի բնակավայրերի վարչական ղեկավարնե՞ր են ազատվելու պաշտոններից. ինչ է ասում մարզպետը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանը նշանակումից հետո ակտիվ շրջայցեր է սկսել մարզի տարբեր համայնքներ, արձանագրել թերություններ, և առաջիկայում սպասվում են բնակավայրերի վարչական ղեկավարների ազատումներ:

Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ թերություններ հայտնաբերել է, սակայն բնակավայրերի վարչական ղեկավարների ազատումների մասով նշեց, որ ինքը նման իրավասություն չունի:

Խուդաթյանը միաժամանակ հավելեց, որ մարզպետարանում առաջիկայում լինելու են կադրային փոփոխություններ:

«Համայնքներ կատարած այցի շրջանակներում թերություններ են նկատվում, թերությունների ու դրանց շտկումների հետ կապված քննարկումներ ևս կան, բայց վարչական ղեկավարներին ես ազատելու իրավասություն չունեմ։ Այս մասով դեռ վերջնական անդրադարձ չկա, ես զերծ եմ մնում այլ մեկնաբանություններից»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվեց հունվարի 11-ին՝ Կառավարության համապատասխան որոշմամբ: Մինչ այդ նա զբաղեցնում էր Արմավիրի համայնքապետի պաշտոնը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ վարչապետը մարզ կատարած այցի ընթացքում խնդիրներ էր բացահայտել վերանորոգված դպրոցի կատարված աշխատանքներում։ Կառավարության ղեկավարը Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել Քաղաքաշինության կոմիտեում, որի ղեկավարը ևս ազատվել է պաշտոնից:

Կիսվել սոց․ ցանցերում