«Լեռնային Ղարաբաղի շրջափակման պայմաններում կատարվում է իշխանափոխության փորձ, որն արվում է շատ զազրելի ձևով: Դրա հետևում կանգնած են մարդիկ, որոնց ես կոչում եմ «մաֆիա», և որոնք այսօր համախմբվել են «մեծն բարերար» Ռուբեն Վարդանյանի շուրջ»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ԼՂ ներքաղաքական խմորումներին:
«Այդ մարդիկ ուզում են, որ Արցախի իշխանությունը տա հրաժարական, իրենք զբաղեցնեն նրա տեղը, բայց ոչ թե որ Արցախը պահեն հայկական, այլ իրենք վաճառեն Արցախը ռուսին կամ թուրքին. կամ՝ սկզբից ռուսին, հետո՝ ռուսը՝ թուրքին: Մոտավորապես սրա մասին է խոսքը: Ինչո՞ւ են այդ մարդիկ ուզում դա անել, որ փրկեն իրենց սեփական կաշին, գողոնը, որը նրանք 30 տարվա մեջ կուտակել են, և որի մի մասը դեռ գտնվում է Արցախում: Նրանք ուզում են դառնալ ոչ թե վաճառքի առարկա, ինչպես մնացած բոլոր մեր արցախցի հայրենակիցները, այլ լինել վաճառքի կողմ. սիրում են, չէ՞, վաճառքով զբաղվել, առևտրական են, չէ՞, միշտ եղել և շարունակում են մնալ»,- կարծում է Ստեփանյանը:
Անդրադառնալով Հարությունյանի հասցեին հնչող մի շարք շահարկումներին՝ վերջինս նկատում է՝ դա կեղտոտ «կամպանիայի» աշխատանքի մի մասն է:
«Այնպես չէ, որ ես Արայիկ Հարությունյանի կողմնակիցն եմ կամ կարծում եմ, որ նա արդյունավետ նախագահ է, բայց նա ընտրված և Արցախի լեգիտիմ ղեկավարն է: Ամբողջ այդ կեղտոտ բառակույտը, որը կիրառվում է, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ բացվող ճանապարհի մասին, որն իբր թե Հարությունյանը պատրաստվում է հիմա անել, այդ իմֆորմացիոն պատերազմի մի մասն է, որի նպատակը նույնն է՝ հասնել իշխանափոխության»,- ասում է նա:
Քաղաքագետի խոսքով՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ևս փորձում են ծառայեցնել այս նպատակին, այն տրամաբանությամբ, որ ԼՂ-ում սով է, իսկ եթե սով է, դրանում կա նաև Արայիկ Հարությունյանի մեղավորությունը. «Սա օբյեկտիվ է, բայց նրանք մոռանում են իրենց մեղքի բաժնի մասին, իսկ այդ բաժինն ահռելի է, որովհետև 30 տարի այդ «մաֆիան» է Արցախում իշխանություն եղել: Սրբեր չկան, բոլորն էլ մեղավոր են՝ և՛ Հարությունյանը, և՛ իրենք, բայց սրանք փորձում են սլաքներն ուղղել մեկ հոգու կողմը, որովհետև հիմա նրանց պետք է ազատվել այդ մեկից՝ Հարությունյանից»:
Ստեփանյանը նկատում է՝ ԼՂ-ն այսօր զրկված է քաղաքական, պաշտպանողական, տնտեսական իմունիտետից, իսկ այս խումբը բոլոր բացակայող իմունիտետներին ուզում է գումարել ևս մեկը՝ թուլացնել իշխանությունը, հասցնել այն գյուղապետի մակարդակի:
«Սա որևէ լավ բանի չի տանում և փրկության ուղի չէ, այլ կործանման: Փրկության ուղին մեկն է՝ Լաչինի միջանցք պետք է բերվեն միջազգային ԶԼՄ-ներ. իրավիճակը պետք է լուսաբանվի, արցախցիները պետք է դեպի Հակարիի կամուրջ մարշ կատարեն, Ադրբեջանից և ռուսներից տեղում պահանջեն Արցախի միջանցքի ապաշրջափակում: Սա գործողությունների միակ պլանն է, որ այսօր արցախցիները կարող են իրագործել: Իսկ ապաշրջափակման շտաբը միակ քաղաքացիական ուժն է այսօր, որը փորձում է ինչ-որ քայլեր ձեռնարկել հողի վրա, մնացածը զբաղված են դատարկախոսությամբ և իշխանությունը վերցնելու մոլուցքով են տառապում»,- ասում է Ստեփանյանը:
