Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, քննարկվում է նրան Հայաստանից մեկնելու թույլտվություն տալու միջնորդությունը։
Խաչատրյանն այս անգամ նիստին ներկա չէ։ Ըստ նրա պաշտպանի՝ վերջինս վատառողջ է, ցավերը սաստկացել են, շտապ օգնության բժիշկներն այս պահին գտնվում են նրա տանը։
Պաշտպանը միջնորդեց, որ դատական նիստը ընթանա Խաչատրյանի բացակայությամբ, քանի որ նրա չներկայանալը համարվում է օբյեկտիվ։
Մեղադրող դատախազը, սակայն, նշեց, որ նիստը չի կարող կայանալ մեղադրվողի բացակայությամբ և առաջարկեց հետաձգել այն։
Խաչատրյանի պաշտպանն ընդգծեց, որ առավոտյան ժամերին Խաչատրյանի վիճակը սրվում է և առաջարկեց նիստն անցկացնել օրվա երկրորդ կեսին:
Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական նիստը կկայանա փետրվարի 14-ին՝ ժամը 15։00-ին։
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին էլ, ինչպես գրեթե բոլոր դատական նիստերի ժամանակ, Խաչատրյանն իրեն կրկին վատ էր զգում: Շտապօգնության բժիշկները վերջինիս ներարկել էին:
Պետական եկամուտների կոմիտեի երկարամյա նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման համար։
