ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված կոռուպցիոն չարաշահումների գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որից 4-ը պաշտոնատար անձինք են, 3-ը՝ այլ։
«Դատարանն ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։ Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով կալանքը կիրառել է 1 ամսով»,- մանրամասնեց նա:
Հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ ուժային կառույցները՝ Հայաստանի քննչական կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը, համատեղ խուզարկություններ են կատարել Էկոնոմիկայի նախարարությունում և բազմաթիվ անձանց հասցեներում, ձերբակալվել է էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը, որի պաշտոնից ազատման մասին հայտնի դարձավ նույն օրվա առավոտյան:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես եկավ պարզաբանմամբ՝ կատարվածի առնչությամբ ներկայացնելով մանրամասներ:
Կոռուպցիոն այս քննության շրջանակներում կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, իսկ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
