Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
Վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,
Նախ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ղազախստանցի գործընկերներին՝ ջերմ ընդունելության ու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի և Թվային ֆորումի կազմակերպման համար։ Վստահ եմ, որ «Digital Almaty 2024» ֆորումի քննարկումներն ու եզրակացությունները կծառայեն թվային տեխնոլոգիաների և նորարարությունների լայնածավալ ներդրմանը, օգտակար և պահանջված կլինեն այս ուղղությամբ կանխատեսումների և շարժերի համար։
Ողջունում եմ Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար, հարգելի Աբդուլա Նիգմատի Արիպովին, Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախագծերի շրջանակներում դիտորդ պետությունների հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հիմնական տնտեսական ցուցանիշների և անդամ երկրների միջև փոխգործակցության ելակետային հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի ուղեգծով։
Այսպես, 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը` 37,5%-ով։
Այս փուլում ԵԱՏՄ-ի առաջնահերթ խնդիրների շարքում պետք է դիտարկել արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, թվային ծառայությունների անդրսահմանային առևտրի հաստատումը և տվյալների փոխանակումը։
ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածքի զարգացման ինստիտուցիոնալ միջավայրն արդեն գոյություն ունի, սակայն, մեր կարծիքով, անդամ երկրների միջև տեղեկատվության փոխանակման ընդհանուր գործընթացների պատշաճ գործունեության ապահովումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգից թվային հարթակի փոխգործակցության ավելի ժամանակակից և արդյունավետ մոդելի փուլային անցումը կպահանջի առանձին քննարկում և մանրամասն մշակում։
Կարծում ենք, որ տեղեկատվության ժամանակին և անխափան փոխանակումը թույլ կտա մեզ լուծել ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ժամանակ ծագած խնդիրների զգալի մասը և առնվազն կրճատել ներքին շուկայում վարչական խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների մեծ մասը։
Ակնհայտ է և միևնույն ժամանակ օրինաչափ, որ էլեկտրոնային առևտուրը շատ ավելի արագ է զարգանում, քան այս ոլորտի օրենսդրական կարգավորումը։ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզը, մեր կարծիքով, արդյունաբերության զարգացման հավասարակշռված ծրագիր է, որը կոչված է լուծելու իրավական նորմերի կանոնակարգված համակարգի բացակայության խնդիրը։
Էլեկտրոնային առևտրի կարգավորման իրավական մեխանիզմների պոտենցիալ հիմնական շահառուն մեր երկրների բիզնեսն է։ Բիզնեսի համար օգուտներն ու առավելությունները վերծանելու հետ մեկտեղ մեր պետությունների քաղաքացիները պետք է զգան նաև ԵԱՏՄ-ում իրականացվող ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Ալմաթիում այսօր մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստը, որը նախագահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
